Պաշտոնական. Օտուբանջոն կարիերան կշարունակի Ուզբեկստանում 📸
«Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն տեղափոխվել է «Նասաֆ», հայտնում է ուզբեկական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը սոցցանցերում գրում է, որ նիգերիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Փյունիկի» հետ ավարտվում էր օգոստոսի 1-ին։ Նա ֆինանսապես շահավետ առաջարկ է ստացել «Նասաֆից» ու համաձայնել տեղափոխությանը։
32-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» հետ չի մեկնել Հունգարիա` մասնակցելու «Դյորի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպանը, որը կկայանա հուլիսի 31-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 20:00-ին։
Օտուբանջոն «Փյունիկում» հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից, 123 խաղում խփել է 60 գոլ, կատարել 17 ասիստ։ Նա 30 գոլ ու 9 ասիստ էլ գրանցել է «Արարատ-Արմենիայում» անցկացրած 72 խաղում։
Օտուբանջոն Fastex Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաշատ գոլ (79) խփած լեգեոներն է։
Հավելենք, որ «Նասաֆը» 2025 թ. մրցաշրջանում Ուզբեկստանի առաջնության առաջատարն է։ Կարշի քաղաքը ներկայացնող ակումբը 15 խաղում 33 միավոր է վաստակել։ Մոտակա հետապնդող Ֆերգանայի «Նեֆթին» ունի 30 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Հայաստանի-առաջնություն, Յուսուֆ Օդուբանջո, Նասաֆ, Ուզբեկստանի Սուպեր լիգա, տրանսֆերներ