Պաշտոնական. Տակեֆուսա Կուբոն հեռացավ Ռեալից` փոխելով ակումբային գրանցումը
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Սոսիեդադի» մամուլի ծառայությունը, ակումբի շարքերը համալրել է «Ռեալ Մադրիդի» վինգեր Տակեֆուսա Կուբոն։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` բասկյան ակումբը գնելու է ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50%-ը, ինչի դիմաց «Ռեալին» վճարելու է 6.5 մլն եվրո։
Ակնկալվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ Կուբոն արդեն միացել է «Ռեալ Սոսիեդադին», սակայն դեռևս պետք է բուժզննում անցնի և ստորագրվի պայմանագիրը, ինչը տեղի կունենա առաջիկա ժամերին։
Հիշեցնենք, Տակե Կուբոն «Ռեալին» միացել էր 2019 թ. հուլիսին, սակայն որևէ հանդիպում չի անցկացրել «արքայական» ակումբի կազմում։
Ճապոնացի վինգերն այս ընթացքում տարբեր ակումբների կազմում 4 անգամ հանդես է եկել վարձավճարով։
Կուբոն վարձավճարով խաղացել է «Մալյորկայի» (2019/20 և 2021/22 մրցաշրջաններ, 66 հանդիպում, 6 գոլ և 8 գոլային փոխանցում), «Վիլյառեալի» (2020 թ. օգոստոս- 2021 թ. հունվար, 19 խաղ, 1 գոլ և 3 գոլային փոխանցում) և «Խետաֆեի» (2021 թ. հունվար-հուլիս, 18 խաղ 1 գոլ և 1 ասիստ) կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Խետաֆե, Մալյորկա, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ, Վիլյառեալ, Տակեֆուսա Կուբո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո