Պաշտոնական. Ռաֆայել Վարանն ավարտեց կարիերան
Ֆրանսիացի անվանի պաշտպան Ռաֆայել Վարանը 31 տարեկանում ավարտեց կարիերան.
«Ասում են` ցանկացած լավ բան ավարտվում է։
Կարիերայիս ընթացքում բազմաթիվ մարտահրավերներ եմ ընդունել, հասել անհնարին թվացող նվաճումների։ Անհավանական հույզեր, էմոցիաներ, որոնք միշտ ինձ հետ կլինեն ամբողջ կյանքում։ Վերհիշելով այդ պահերը` անսահման հպարտությամբ և բավարարվածության զգացումով հայտարարում եմ կարիերաս ավարտելու մասին։ Հեռանում եմ այն խաղից, որը մենք այդքան սիրում ենք»,- գրել է ֆուտբոլիստը սոցցանցերում։
Ռաֆայել Վարանը ֆրանսիական «Լանսի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2002-2011 թթ. և ակումբի հիմնական թիմում 24 խաղում խփել է 2 գոլ։
Պաշտպանը կարիերայի մեծ մասը` 2011-2021 թթ. անցկացրել է Մադրիդի «Ռեալում»։ Նա «արքայական» ակումբում մասնակցել է 360 հանդիպման, դարձել 17 գոլի ու 7 ասիստի հեղինակ, նվաճել 18 տիտղոս, այդ թվում` 4 անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։
Ֆուտբոլիստը 2021 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և երեք տարում նվաճեց երկու տիտղոս` նվաճելով Անգլիայի գավաթն ու երկրի Լիգայի գավաթը։ Նա «կարմիր սատանաների» կազմում 95 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում։
Վարանը 2024 թ. ամռանը համալրեց իտալական Ա սերիայի նորեկ «Կոմոյի» կազմը։ «Բիանկոբլուում» ֆրանսիացի ֆուտբոլիստը մասնակցեց մեկ պաշտոնական հանդիպման, որի ժամանակ ծնկի վնասվածք ստացավ և այլևա դաշտ դուրս չեկավ։
Ռաֆայել Վարանը 2013-2022 թթ. հրավիրվել է նաև Ֆրանսիայի ազգային հավաքական և 93 խաղում դարձել 5 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Անվանի ֆուտբոլիստը «եռագույնների» հետ 2018 թ. դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2021 թ. նվաճել Ազգերի լիգայի տիտղոսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լանս, Կոմո, Մանչեսթեր Յունայթեդ, Ռաֆայել-Վարան, Ռեալ Մադրիդ, Ֆրանսիայի հավաքական