Պաշտոնական. Ռալֆ Ռանգնիկը չի գլխավորի Բավարիան
Գերմանացի անվանի մասնագետ Ռալֆ Ռանգնիկը չի գլխավորի «Բավարիան»։
65-ամյա մասնագետը, որն այժմ մարզում է Ավստրիայի հավաքականը, կշարունակի զբաղեցնել պաշտոնը, հայտնում է այդ երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
«Ես ամբողջ սրտով Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչն եմ։ Ցանկանում եմ ընգծել, որ ես չեմ մերժել «Բավարիային»։ Սա առաջին հերթին թիմի և մեր ընդհանուր նպատակի համար է։ Մենք ամբողջությամբ կենտրոնացած ենք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու վրա»,- նշել է 65-ամյա մասնագետը։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում էր տեսնել հենց Ռանգնիկին։ Կողմերը բանակցություններ էին վարում և շատ մոտ էին վերջնական համաձայնության հասնելուն։ Մյունխենյան ակումբն սպասում էր գերմանացի մասնագետի վերջնական պատասխանին, սակայն նա այլ ծրագրեր ունի։
Այսպիսով, Խաբի Ալոնսոյի և Յուլիան Նագելսմանից հետո Ռալֆ Ռանգնիկը երրորդ մարզիչն է, որը հրաժարվում է գլխավորել «Բավարիան»։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին «Բավարիայում» մարզչական փոփոխություն է տեղի ունենալու. Թոմաս Տուխելը հեռանալու է զբաղեցնել պաշտոնից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավստրիայի հավաքական, Բավարիա, Խաբի Ալոնսո, Յուլիան Նագելսման, Ռալֆ Ռանգնիկ, տրանսֆերներ