Պաշտոնական. Յուվենտուսը զրկվեց Կոնֆերենցիաների լիգային մասնակցելու իրավունքից
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Յուվենտուսը» զրկվել է Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 խաղարկությանը մասնակցելու իրավունքից։
ՈՒԵՖԱ-ին առընթեր գործող Ակումբների ֆինանսական վերահսկողության մարմինը հետաքննության արդյունքում եզրակացրել է, որ «բյանկոներիները« խախտել են կազմակերպության կանոնակարգային փաստաթղթերի դրույթները և 2022 թվականի օգոստոսին ստորագրված կարգավորման պայմանագրի կետերը։
Այդ ամենով պայմանավորված` «բյանկոներիները» մեկ տարով հեռացվել են եվրագավաթային մրցաշարերից և տուգանվել 20 մլն եվրոյով։
Այդ տուգանքի 10 մլն եվրոն պայմանական է. այն կվերականգնվի, եթե «Յուվենտուսի» 2023, 2024 և 2025 թվականների հաշիվները չհամապատասխանեն ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության կանոնակարգով սահմանված պահանջներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈՒԵՖԱ-ն ու «Յուվենտուսը» ակումբին Կոնֆերենցիաների լիգայից հեռացնելու հարցում հասել են համաձայնության։
ՈՒԵՖԱ-ն էլ, իրհերթին, կփակի արտոնագրման և ֆինանսական fair-play-ի կանոնների հնարավոր խախտումների գործը։
Հատկանշական է, որ այս գործարքը վերաբերում է միայն ՈՒԵՖԱ-ի բացած գործին և որևէ կերպ չի ազդելու իտալական դատարանի կողմից «Յուվենտուսին» առաջադրված մեղադրանքի վրա։
Հիշեցնենք, որ դեռ 2023 թ. հունվարին ֆինանսական խարդախությունների մեղադրանքով Ա սերիայի մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսից» հանվեց 15 միավոր։
Հետագայում այդ միավորները «բյանկոներիներին» ժամանավորապես հետ վերադարձվեցին, սակայն գործի քննությունից հետո, ամեն դեպքում, թուրինյան ակումբից հանվեց 10 միավոր, ինչի հետևանքով «Յուվենտուսը» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը և իրավունք էր ստացել մասնակցելու Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 խաղարկության խմբային փուլին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Կոնֆերենցիաների լիգա, Յուվենտուս, ՈւԵՖԱ