Պաշտոնական. Կլաուդիո Ռանիերին երրորդ անգամ գլխավորեց Ռոման
«Ռոմայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Կլաուդիո Ռանիերին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Transfermarkt-ը գրում է, որ հռոմեական ակումբն ու 73-ամյա մասնագետը պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Ռանիերին մարզչական կարիերայում երրորդ անգամ է գլխավորել «Ռոման»։ Նա նախկինում ակումբը մարզել է նաև 2009-2011 թթ. և 2019 թ. մարտից հունիս։
Ռանիերին այս տարվա հունիսին հայտարարեց, որ այլևս ակումբներ չի մարզելու և դիտարկելու է առաջարկներ միայն հավաքականներից, սակայն, հանուն «Ռոմայի», կրկին վերսկսեց ակումբային մարզչական կարիերան։ Նրա նախորդ ակումբն իտալական Ա սերիան ներկայացնող «Կալյարին» էր, որը մարզել է 2023 թ. նոյեմբերից 2024 թ. հունիս։
Վետերան մասնագետի կարիերայի ամենամեծ հաջողություն եղել է անգլիական «Լեսթերի» հետ` 2015/16 մրցաշրջանում դառնալով Պրեմիեր լիգայի հաղթող։ 2004 թվականին էլ «Վալենսիայի» ղեկին նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի տիտղոսը։
2024/25 մրցաշրջանում Ռանիերին դարձել է «Ռոմայի» երրորդ գլխավոր մարզիչը։ Ակումբը մրցաշրջանն սկսել է Դանիելե դե Ռոսիի գլխավորությամբ, որին սեպտեմբերին փոխարինել է Իվան Յուրիչը. երկու մասնագետներն էլ պաշտոնանկ են արվել։
Հռոմեական ակումբն Իտալիայի ընթացիկ առաջնությունում 12 խաղից հետո վաստակել է 13 միավոր և 12-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ա-սերիա, Կլաուդիո Ռանիերի, Ռոմա