Պաշտոնական. Լեո Մեսսին չի շարունակի ելույթները Բարսելոնայի կազմում
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Լեո Մեսսին չի շարունակի մրցելույթները կատալոնական ակումբի կազմում։
«Չնայած ակումբն ու Լեո Մեսսին հասել էին համաձայնության և այսօր պատրաստվում էին կնքել նոր պայմանագիր, սակայն, կապված Լա լիգայի տնտեսական ու համակարգային խոչընդոտների հետ, գործարքը պաշտոնապես հնարավոր չի եղել գրանցել։
Այդ ամենի հետ կապված` Լեո Մեսսին այլևս չի կարող պաշտպանել «Բարսելոնայի» գույները։ Կողմերը խորապես ափսոսում են, որ ակումբի ու խաղացողի ցանկությունը հնարավոր չեղավ իրագործել։
«Բարսելոնան» Լեո Մեսսիին ի սրտե շնորհակալություն է հայտնում ակումբի զարգացման հարցում ունեցած ավանդի համար և ցանկանում է նրան ամենայն բարիք ինչպես անձնական կյանքում, այնպես հետագա պրոֆեսիոնալ կարիերայում»,- գրված է կատալոնական ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «բլաուգրանասի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2000 թվականից։ 2003 թ. նա նորամուտը նշեց «կապտանռնագույնների» գլխավոր թիմում, որի կազմում մինչ օրս անցկացրել է 778 հանդիպում` դառնալով 672 գոլի և 305 գոլային փոխանցման հեղինակ
Արգենտինացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում նվաճել է 34 տիտղոս և 6 անգամ դարձել «Ոսկե գնդակի» դափնեկիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի