Պաշտոնական. Թյուրամն ու Բենսեբայինին կհեռանան Բորուսիա Մյոնխենգլադբախից
«Բորուսիա Մյոնխենգլադբախի» սպորտային տնօրեն Ռոլանդ Վիրկուսը հայտարարել է, որ ակումբի հարձակվող Մարկուս Թյուրամն ու ձախ պաշտպան Ռամի Բենսեբայինին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանան ակումբից.
«Մենք երկու խաղացողների հետ էլ մտքերի բաց փոխանակում ունեցանք և գիտեինք ներկա վիճակի մասին: Ցավալի է, որ նրանք չեն երկարաձգելու իրենց պայմանագիրը, քանի որ երկուսն էլ մեզ շատ բան են տվել սպորտային առումով վերջին չորս տարիների ընթացքում:
Եվ մենք նաև հասկանում ենք, որ մեր երկրպագուները հիասթափված են, որ այս ֆուտբոլիստները հեռանում են, սակայն վերջին տարիներին մեր քաղաքականության մի մասն է եղել նման տաղանդավոր խաղացողներ բերելը, զարգացնելը և ինչ-որ պահի բաց թողնելը, քանի որ մենք չենք կարող նրանց հավերժ պահել:
Չեմ թաքցնի, որ նրանց հեռանալու դիմաց կցանկանայինք ֆինանսական մեծ փոխհատուցում ստանալ։ Իհարկե, լավ չէ, որ դա տեղի չի ունենալու։
Այսպիսով, չնայած բոլոր արդարացված հիասթափությանը, նրանք արժանի են հուզիչ հրաժեշտի»,-Վիրկուսի խոսքերը մեջբերում է «Գլադբախի» պաշտոնական կայքը։
Հավելենք, որ Մարկուս Թյուրամը «Բորուսիայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 130 խաղում դառնալով 44 գոլի և 27 գոլ ային փոխանցման հեղինակ։
Կան տեղեկություններ, որ ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված ենՊՍԺ-ն, «Բարսելոնան» ու «Ատլետիկո Մադրիդը»։
Ինչ վերաբերում է Ռամի Բենսեբայինիին, ապա ալժիրցի լատերալը «Բորուսիայի» շարքերը նույնպես համալրել է 2019 թ. ամռանը, որի կազմում մինչ օրս անցկացրել է 108 հանդիպում` դառնալով 24 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` 27-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է «Բորուսիա Դորտմունի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Մարկուս Թյուրամ, Ռամի Բենսեբաինի, տրանսֆերներ