Պաշտոնական. Գարեթ Բեյլն ավարտեց կարիերան
«Ռեալ Մադրիդի» և «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել` հայտարարելով կարիերան ավարտելու մասին.
«Մանրակրկիտ և լուրջ քննարկումից հետո ես հայտարարում եմ ակումբային և միջազգային մակարդակով կարիերաս ավարտելու մասին։
Ես աներևակայելի բախտավոր եմ, քանի որ իրականացրել եմ կյանքիս գլխավոր երազանքն ու զբաղվել իմ սիրելի սպորտաձևով, ինչն իսկապես ինձ տվել է կյանքի լավագույն պահերից մի քանիսը:
Ավելի քան 17 մրցաշրջան` անցկացրած ամենաբարձր մակարդակով, որն անհնար կլինի կրկնել` անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի իմ կյանքի հաջորդ էջը:
Թվում է` անհնար է երախտագիտություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել այս ճամփորդությանը։ Ես ինձ պարտական եմ զգում այնքան շատ մարդկանց հանդեպ, ովքեր օգնեցին փոխել իմ կյանքը և կառուցել այնպիսի կարիերա, որի մասին երբեք չէի երազել, երբ առաջին անգամ սկսեցի խաղալ 9 տարեկանում:
Այսպիսով, ես անհամբեր սպասում եմ իմ կյանքի հաջորդ փուլին: Փոփոխություններ, նոր արկածների հնարավորություն…»,- գրել է Բեյլը։
Նշենք, որ Գարեթ Բեյլը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Սաութհեմպտոնի» (2006-07 թթ., 45 հանդիպում, 5 գոլ և 12 ասիստ), «Տոտենհեմի» (2007-2013 և 2020-21 թթ., 237 հանդիպում, 72 գոլ և 58 ասիստ), «Ռեալ Մադրիդի» (2013-2022 թթ., 258 հանդիպում, 106 գոլ և 67 ասիստ) և «Լոս Անջելեսի» (2022 թ. հուլիս-դեկտեմբեր, 14 հանդիպում, 3 գոլ)։
Բեյլը 2006-2022 թթ. հանդես է եկել նաև Ուելսի հավաքականի կազմում` անցկացրած 111 խաղում դառնալով 40 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Վալիացի նախկին ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում նվաճել է 22 տիտղոս, այդ թվում` 5 անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող, 4 անգամ`աշխարհի ակումբային չեմպիոն, 3 անգամ` Լա լիգայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Գարեթ-Բեյլ, Լա-լիգա, Ուելսի հավաքական, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ