Պաշտոնական. Ատալանտան իրականացրեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը
Ինչպես տեղեկացնում է «Ատալանտայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Սասուոլոյի» հարձակվող Ժերեմի Բոգային։
Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո Բերգամոն ներկայացնող ակումբը 22 մլն եվրոյի դիմաց կգնի իվուարցի վինգերի տրանսֆերի ամբողջական իրավունքները։
Բոգան «Ատալանտայի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը, նոր ակումբի կազմում հանդես է գալու «10» համարի խաղաշապիկով։
Հավելենք, որ այս գործարքը դարձել է «Ատալանտայի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
Մինչ այս պահն «Ատալանտայի» ամենաթանկարժեք ձեռքբերումը եղել է Լուիս Մուրիելի տրանսֆերը, ում 2019 թ. ամռանն ակումբը «Սամպդորիայից» գնել է 21.2 մլն եվրոյի դիմաց։
Նշենք, որ Ժերեմի Բոգան «Չելսիի» մարզադպրոցի սան է, որի համակարգում հանդես է եկել 2009-2018 թթ.` այդ ընթացքում վարձավճարով խաղալով «Ռենի» (31 խաղ, 3 գոլ, 1 գոլային փոխանցում), «Գրանադայի» (27 խաղ, 2 գոլ, 1 գոլային փոխանցում) և «Բիրմինգհեմի» կազմում (34 խաղ, 2 գոլ և 3 գոլային փոխանցում)։
Իվուարցի ֆուտբոլիստը «Չելսիի» Մ-23 տարեկանների թիմում անցկացրել է 41 հանդիպում` դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
2018 թվականի ամռանը նա 10 մլն եվրոյի դիմաց համալրեց «Սասուոլոյի» շարքերը, որի մարզաշապիկով էլ անցկացրել է 102 հանդիպում` դառնալով 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Ժերեմի Բոգա, Սասուոլո, տրանսֆերներ