Պաշտոնական. Անթոնին անհավանական գումարի դիմաց տեղափոխվեց Ման. Յունայթեդ
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբն «Այաքսի» վինգեր Անթոնիի տրանսֆերի հարցում հասել է սկզբունքային համաձայնության։
Մանկունյական ակումբը գործարքի դիմաց «Այաքսին» վճարել է 95 մլն եվրո, որին, հավելավճարների տեսքով, հետագայում ավելանալու է ևս 5 մլն եվրո։
Բրազիլացի հարձակվողը «կարմիր սատանաների» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Նշենք, որ այս տրանսֆերը դարձավ հոլանդական Էրեդիվիզիայի պատմության ամենաթանկարժեք վաճառքը և գերազանցեց Ֆրենկի դե Յոնգի գործարքին, որի դիմաց 2019 թ. ամռանը «Բարսելոնան» «Այաքսին» վճարեց 86 մլն եվրո։
Այն դարձավ նաև «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը ու կզիջի միայն Պոլ Պոգբայի գործարքին, ով 2016 թ. ամռանը «Յուվենտուսից» «կարմիր սատանաների» շարքերը համալրեց 105 մլն եվրոյի դիմաց։
Բացի դրանից, այս գործարքը նաև ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք տրանսֆերն է և կգերազանցի Օրելյեն Չուամենիի գործարքին, ում դիմաց «Ռեալ Մադրիդը» «Մոնակոյին» վճարեց 80 մլն եվրո։
Հավելենք, որ Անթոնին «Այաքսի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հուլիսից` անցկացրած 82 խաղում դառնալով 24 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Էնթոնի, Մանչեսթեր-Յունայթեդ, Պոլ-Պոգբա, տրանսֆերներ, Օրելյեն Չուամենի, Ֆրենկի-դե-Յոնգ