Պաշտոնական․ Ռոնալդ Կումանը նշանակվեց Բարսայի մարզիչ
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոնալդ Կումանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայամանագիրը ստորագրվել է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
Ռոնալդ Կումանը «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ է, որի կազմում հանդես է եկել 1989-1995 թվականներին։ «Կապտանռնագույնների» կազմում նա 4 անգամ նվաճել է Լա լիգայի չեմպիոն, երեք անգամ դարձել է Իսպանիայի Սուպեր գավաթակիր, մեկական անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, Չեմպիոնների գավաթակիր (խմբ․՝ ներկայիս Չեմպիոնների լիգան), ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթը։ Չեմպիոնների գավաթի 1991/92 մրցաշրջանում «Բարսելոնան» եզրափակիչում հենց Ռոնալդ Կումանի միակ գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»։
57-ամյա մասնագետը 2018 թվականի փետվարից մարզում էր Նիդեռլանդների հավաքականը, իսկ նախկինում մարզել է նաև «Էվերտոնը», «Սաութհեմպտոնը», «Ֆեյնորդը», «ԱԶ Ալկմարը», «Վալենսիան», ՊՍՎ-ն, «Բենֆիկան», «Այաքսը», «Վիտեսը», ինչպես նաև աշխատել է «Բարսելոնայի» համակարգում՝ որպես գլխավոր մարզչի օգնական։
Հիշեցնենք, որ վերջերս կատալոնական ակումբը գլխավոր մարզիչ պաշտոնից ազատեց Կիկե Սետիեին։
# Բարսելոնա, Կիկե Սետիեն, Ռոնալդ Կուման