Պաշտոնական․ Հայաստանի հավաքականը նորեկ ունի

Պաշտոնական․ Հայաստանի հավաքականը նորեկ ունի

25/08/2020 - 12:11

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և կոլումբիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը:  

Վբեյմար Անգուլոն այս թեմայի շուրջ առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Շատ երջանիկ եմ և չեմ հավատում, որ այս ամենը կատարվում է ինձ հետ: Արդեն 5 տարի է՝ խաղում եմ Հայաստանում և միշտ սպասել եմ այս պահին: Հիմա իմ երազանքն իրականություն է դարձել: Ես անչափ ուրախ և շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար:

Եթե  ընդգրկվեմ Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների դեմ հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների ցուցակում, կանեմ հնարավոր ամեն ինչ՝ ապացուցելու մարզիչներին, որ իրենք չեն սխալվել: Ես դա կանեմ իմ ընտանիքի և իմ Հայաստանի համար, երկրի, որն ինձ համար դարձել է երկրորդ տուն:

Մենք բոլորս տեղյակ ենք Խոակին Կապառոսի՝ Իսպանիայում ունեցած հաջողությունների և մարզչական հիանալի որակների մասին: Մենք շատ բան ունենք սովորելու նրանից: Վստահ եմ, որ մեր համագործակցությունն արդյունավետ կստացվի»:

Վբեյմար Անգուլոն ծնվել է 1992 թվականի մարտի 6-ին՝ Կոլումբիայի Քիբդո քաղաքում։ Խաղային կարիերայի կազմում հասցրել է հանդես գալ հետևյալ ակումբներում․

«Բոյակա Պատրիոտաս» (Կոլումբիա) – 2008

«Բոգոտա ՖԱ» (Կոլումբիա) – 2009-2011

«Ատլետիկո Հուիլյա» (Կոլումբիա) – 2011

«Ալիանցա Պետրոլերա» (Կոլումբիա) – 2012-2013

«Մուրսիելագոս» (Մեքսիկա) – 2014-2015

«Գանձասար-Կապան» – 2015- 

Վբեյմար Անգուլոն հանդես կգա 🇦🇲Հայաստանի ազգային հավաքականում Մանրամասները 👉 https://www.ffa.am/hy/1597656701

Gepostet von Football Federation of Armenia am Dienstag, 25. August 2020
# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023