ՉԼ. Սերվետը սխրանք գործեց` 10 ֆուտբոլիստներով պայքարից դուրս թողնելով Գենկին🎥

ՉԼ. Սերվետը սխրանք գործեց` 10 ֆուտբոլիստներով պայքարից դուրս թողնելով Գենկին🎥

03/08/2023 - 09:57

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Սերվետը» (Շվեյցարիա) հյուրընկալցվելիս մրցեց բելգիական «Գենկի» դեմ։

Նշենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Ժնևից ժամանած հյուրերի համար պատասխան խաղը բավական անհաջող մեկնարկեց, քանի որ արդեն 3-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Էնցո Կրիվելին կոպիտ խաղի պատճառով հեռացվեց դաշտից։

28-րդ րոպեին էլ «Գենկը» Մայք Տրեսորի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ բացեց հաշիվը։

Այդուհանդերձ, «Սերվետը» 38-րդ րոպեին Տիմոտե Կոինայի ջանքերով խփեց պատասխան գնդակը։

Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի մեկնարկում բելգիական ակումբը շարունակում էր մեծ ճնշում գործադրել և արդեն 51-րդ րոպեին կրկին առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկավ Տոլու Արոկոդարեն։

«Սերվետը», չնայած հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով, կրկին շատ արագ հավասարեցրեց հաշիվը. 63-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Քրիս Բեդիան։

Բաց թողած երկրորդ գոլը չգցեց «Գենկի» ֆուտբոլիստների գրոհների տեմպը, ովքեր մինչև հիմնական ժամանակի ավարտը մի շարք գոլային պահեր ստեղծեցին, սակայն չկարողացան հաղթանակ կորզել։

Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում էլ «վարպետներն» ունեին խաղային մեծ առավելություն, գնդակին տիրում էին ժամանակի 75%-ը, իսկ «Սերվետը» մտածում էր միայն պաշտպանության մասին։

Վաութեր Վրանկենի թիմը չկարողացավ իրացնել գոլային պահերից գոնե մեկը, ինչը չար կատակ խաղաց «Գենկի» հետ։

Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հարվածաշար, որի ընթացքում տանտերերի կիսապաշտպան Պատրիկ Գրոշովսկին հարվածեց շեղ, իսկ Տոլու Արկոդարեն` բարձր, իսկ «Սերվետի» ֆուտբոլիստները բոլոր դեպքերում դիպուկ գտնվեցին։

Այսպիսով, շվեյցարական ակումբը սխրանք գործեց և պայքարից դուրս թողեց «Գենկին»` պատմության մեջ երկրորդ անգամ դուրս գալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ, որի շրջանակում մրցելու է «Ռեյնջերսի» դեմ։

Ավելացնենք, որ «Սերվետը» վերջին անգամ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում հանդես է եկել 1999/00 մրցաշրջանում։

Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ «Սերվետի» փոխարինման դուրս եկած դարպասապահ Ժոել Մալը, ով կատարեց 7 սեյվ։

Մինչ այդ էլ իր թիմին 4 անգամ փրկել էր Ժերեմի Ֆրիկը, ով 57-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով։

Հավելենք, որ «Գենկը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում և կմրցի «Օլիմպիակոսի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023