ՉԼ․ ի՞նչ վիճակով են թիմերը մոտենում հանդիպումներին
Այսօր՝ փետրվարի 25-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների երկրորդ խաղային շաբաթը։ Այս երեքշաբթի և չորեքշաբթի հետաքրքիր հանդիպումներ են մեզ սպասվում։ Միասին հասկանանք, թե ինչ վիճակով են թիմերը մոտենում հանդիպումներին։
«Նապոլի» – «Բարսելոնա» 25․02, 23։55
«Նապոլին» ընթացիկ մրցաշրջանը վայրիվերումներով է հանդես գալիս։ Նախքան Կառլո Անչելոտիին հեռացնելը, թիմը բավականին անհաջող շրջան էր անցկացնում։ Ակումբը ծանր վիճակում էր հայտնվել՝ անընդմեջ չհաղթելով 10-ից ավելի հանդիպում, այդ պատճառով էլ թիմը նույնիսկ լքել էր Ա սերիայի լավագույն տասնյակը։ Սակայն, Չեմպիոնների լիգայի շրջանակում ակումբը որևէ խնդիրներ չունեցավ։ Ակումբը խմբային փուլում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ «Լիվերպուլին» զիջելով ընդամենը 1 միավոր։ Նեապոլիտանցիները սեփական հարկի տակ նույնիսկ հաղթեցին «Լիվերպուլին»։
Այնուհետև Կառլո Անչելոտիին փոխարինեց Ջենարո Գատուզոն, սակայն խաղային առումով գրեթե ոչինչ չփոխվեց, իսկ արդյունքներն էլ ուշանում էին։ Սակայն, վերջին շրջանում «Նապոլին» վերելքի փուլում է գտնվում և Ա սերիայի շրջանակում վերջին 5 խաղերում վաստակել է 12 միավոր՝ տանելով 4 հաղթանակ։ Դրա շնորհիվ նեապոլիտանական ակումբը բարձրացավ 6-րդ հորիզոնական։
Գատուզոյի թիմը վերջին շրջանում Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում պայքարից դուրս թողեց «Լացիոյին», իսկ կիսաեզրափակիչ առաջին խաղում հյուրընկալվելիս նվազագույն՝ 1։0 հաշով հաղթեց «Ինտերին»։ Մեկ ամիս առաջ էլ՝ հունվարի 26-ին, նեապոլիտանական ակումբը «Սան-Պաոլո» մարզադաշտում դրամատիկ պայքարում 2։1 հաշվով հաղթեց առաջնության առաջատար «Յուվենտուսին»։
«Նապոլին» դիմակայության առաջին խաղին մոտենում է լուրջ կորուստներով։ Վնասվածքի պատճառով վաղուց բացակայուն են թիմի առաջատարներ Ֆաուզի Ղուլյամը և Կալիդու Կուլիբանին։ Սենեգալցի կենտրոնական պաշտպանը միանշանակ բաց կթողնի հանդիպումը, իսկ ալժիրցի եզրայինի մասնակցությունը մեծ հարցականի տակ է։ Խաղը բաց կթողնեն նաև Ֆերնանդո Լյորենտեն, Կևին Մալկյուին, ինչպես նաև Ամին Յունեսը։
«Բարսելոնան» վստահ անցավ խմբային փուլը՝ խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը և ոչ մի հնարավորություն չտվեց մրցակիցներին։ Սակայն, ակումբի ղեկավարությունը դժգոհ էր Էռնեստո Վալվերդեի թիմի գրանցած արդյունքներից, և «Ատլետիկո Մադրիդի» դեմ սուպերգավաթի կիսաեզրափակիչում կրած անհասկանալի պարտությունից հետո ակումբը հեռացրեց բասկ մասնագետին զբաղեցրած պաշտոնից, իսկ նրան փոխարինեց Կիկե Սետիենը։
Կիկե Սետիենի գլխավորությամբ կատալոնական ակումբի խաղը երկակի տպավորություն է թողնում։ Մի կողմից ակումբը նախկինի նման կրկին բավականին շատ վերահսկում է գնդակը, ավելի համարձակ ֆուտբոլ է ցուցադրում, իսկ մյուս կողմից պաշտպանությունում խնդիրները շարունակում են զգացնել տալ, խաղը կրկին կառուցվում է Լեո Մեսսիի շուրջ։
«Բարսելոնան» Կիկե Սետիենի գլխավորությամբ հաղթել է բոլոր հանդիպումներում՝ բացառությամբ երկու խաղի։ Այդ երկու խաղում ակումբը առաջնության շրջանակում հյուրընկալվելիս պարտվել է «Վալենսիային», իսկ գավաթի շրջանակում պայքարից դուրս մնաց «Ատլետիկ Բիլբաոյից» կրած պարտության պատճառով։ Լա լիգայի վերջին երեք խաղերում ակումբը տարել է նույնքան հաղթանակ՝ կրկին գլխավորելով Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ Ակումբը օգտվեց «Ռեալի» սայթաքումներից և 2 միավորով առաջ անցավ նրանցից։
Մեկ բան փաստ է․ «Բարսելոնան» որոշ ժամանակ փորձում էր հարմարվել Կիկե Սետիենի մարտավարությանը և շատ բաներ չէր ստացվում ակումբի մոտ, սակայն վերջին 3 խաղերը ցույց տվեցին, որ ակումբն արդեն որոշակիորեն հարմարվել է մարտավարությանը և 61-ամյա մասնագետի կատարած աշխատանքը սկսում է քիչ-քիչ տալ իր պտուղներ։ Համենայն դեպս՝ գոնե թիմն ավելի վստահ տեսք ունի և բարձրացել է խաղացողների միջև խաղակցվածության մակարդակը։
Կատալոնական ակումբի կազմից հանդիպումը բաց կթողնեն Լուիս Սուարեսը, Ուսման Դեմբելեն, Սերժի Ռոբերտոն, Ժորդի Ալբան, ովքեր տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն, իսկ թիմի նորեկ Մարտին Բրեյթվեյթն իրավունք չունի մասնակցել ՉԼ հանդիպումներին։
Այս դիմակայությունում կա ակնհայտ ֆավորիտ։ Եթե առաջին խաղում «Նապոլին» կարող է փորձել անակնկալներ մատուցել, ապա դժվար է պատկերացնել, որ «Կամպ Նոու» մարզադաշտում հնարավոր կլինի նույն կերպ շարունակել։ Սակայն «Նապոլիի» խաղաոճը բավականին հարմար է հենց «Բարսելոնայի» նման թիմերի դեմ խաղալու համար, քանի որ Գատուզոյի թիմը ավելի հաջող է հանդես գալիս, երբ մրցակիցը վերահսկում է գնդակը, իսկ «Նապոլին» ապավինում է հակագրոհների վրա։ Այդ կերպ նեապոլիտանական ակումբը հաղթեց «Յուվենտուսին», «Լացիոյին» և «Ինտերին», բայց «Բարսելոնան» մնում է «Բարսելոնա» և քիչ-քիչ սկսում է թափ հավաքել և չմոռանանք, որ այդ ակումբի կազմում է հանդես գալիս Լեո Մեսսին։
Թիմերի հնարավորությունները՝ «Նապոլի»՝ 30%, «Բարսելոնա»՝ 70%
«Չելսի» – «Բավարիա» 25․02, 23։55
Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ «Չելսին» վերածվել է արկածախնդիր թիմի և աչքի է ընկնում անկանոն մրցելույթներով։
Ֆրենկ Լեմպարդը կարողանում է իր թիմին տրամադրել կարևոր խաղերին, իսկ ավելի երկրորդական խաղերում «ազնվականները» միավորներ են բաժանում։ Ինչ-որ պահից սկսած «Չելսիին» սկսեց խանգարել կադրային խնդիրները, հոգնածությունը։ «Կապույտներն» ի վիճակի են հաղթել «Տոտենհեմին», «Արսենալին», հավասար պայքար մղել «Սիթիի» և «Լիվերպուլի» դեմ խաղերում, սակայն պարտվել «Սաութհեմպտոնին», «Բորնմութին», «Նյուքասլին» և նմանատիպ այլ թիմերի։
Լեմսպի թիմը կարող էր նույնիսկ չհայտնվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում․ ամեն ինչ մանրուքները որոշեցին։ Եթե չլիներ «Այաքսի» դեմ գերդրամատիկ խաղը, որտեղ լոնդոնյան ակումբը փրկվեց 1։4 հաշվով պարտվելիս, ապա, հավանական է, որ «ազնվականները» դուրս չգային փլեյ-օֆֆ փուլ։ Հենց այդ մեկ միավորն էլ վճռորոշ եղավ հոլանդական ակումբի համար։
«Չելսին» այս խաղից առաջ լուրջ կորուստներ ունի։ Մեկնարկային կազմի խաղացողներից հանդիպումը բաց կթողնեն թիմի գոլահար Թեմի Աբրահամն ու կիսապաշտպան Ն’գոլո Կանտեն, որոնց փոխարինելը ներկայիս «Չելսիում» գրեթե անհնար է։ Խաղը բաց կթողնեն նաև Քրիստիան Պուլիշիչն ու Կալում Հոդսոն-Օդոյին, ովքեր պարբերաբար հանդես են գալիս մեկնարկային կազմում։
Նիկո Կովաչի պաշտոնանկությունից հետո «Բավարիան» Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորութմաբ քիչ-քիչ վերգտավ իր խաղը։ Եթե սկզբնական շրջանում մյունխենյան ակումբի մոտ կային խաղային խնդիրներ և վատ արդյունքների պատճառով ակումբը նահանջել էր Բունդեսլիգայի 7-րդ հորիզոնական, ապա վերջին շրջանում ակումբը փայլուն ելույթներով է աչքի ընկնում՝ կրկին գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Վերջին անգամ ակումբը պաշտոնական մրցելույթներում պարտվել է դեկտեմբերի 7-ին՝ հյուրընկալվելիս 2։1 հաշվով զիջելով «Բորուսիա Մյունխենգլադբախին»։ Այդ պարտությունից հետո մյունխենյան ակումբը հաղթել է մնացած բոլոր հանդիպումներում։ Բացառություն է կազմում միայն «Լայպցիգի» դեմ գոլազուրկ ոչ-ոքին։
«Բավարիայի» կամզից հանդիպմանը չեն մասնակցի Խավի Մարտինեսը, Նիկոլաս Զյուլեն և Իվան Պերիշիչը։ Այս խաղացողները տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն։
Այս դիմակայության շրջանակում չափազանց կարևոր է, թե ինչ մարտավարություն կնախընտրեն երկու մարզիչները։ Ֆրենկ Լեմպարդը վերջին շրջանում շատ է կիրառում 3-4-3 մարտավարությունը, ինչը նրանց փոփոխական հաջողություններ է բերել։ Բունդեսլիգայի վերջին տուրի «Պադերբորնի» դեմ խաղում մյունխենյան ակումբը մոտ մեկ ժամ նույնպես խաղաց 3 պաշտպանով, սակայն Ֆլիկը տեսնելով, որ որևէ արդյունք չի տալիս այդ մարտավարությունը, կրկին թիմի խաղը խաղը կերպարանափոխեց 4-2-3-1-ի։ Հավանական է, որ հենց այս մարտավարությամբ էլ հանդես կգան «կարմիրները», քանի որ այն ավելի պրակտիկ է և խաղակցված մյունենյան ակումբի համար։
Ակնհայտ է, որ երկու մարզիչներն էլ անհավանական աշխատանք են կատարել։ Լեմպարդի օրոք սկսեցին փայլել մի շարք երիտասարդ խաղացողներ, թիմը նոր շունչ ստացավ, սակայն ակումբը չօգտվեց տրանսֆերային արգելքը չեղարկվելու փաստից՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք չբերելով և ոչ մի խաղացողի։ Եթե «ազնվականները» մի փոքր ավելի վստահ պաշտպանվեն, ապա մրցակիցը միանշանակ լուրջ խնդիրներ կունենա, քանի որ «Չելսիի» հիմնական խնդիրները հենց պաշտպանողական օղակում են։ Այս ամենին գումարվում է նաև Լեմպարդի և թիմի դարպասապահ Կեպայի շուրջ ձևավորված իրավիճակը։ Անգլիացի մասնագետն ակնհայտ սկսել է չվստահել իսպանացի դարպասապահին, իսկ նրա տեղը զբաղեցրած Վիլի Կաբալյերոն մեղմ ասած չի գերազանցում Կեպային։ Այս ամենը միանշանակ խանգարելու է լոնդոնյան ակումբին։
Հանս-Դիտեր Ֆլիկը գլխավորելով «Բավարիան»՝ իր ուսերի վրա ծանր բեռ վերցրեց։ Սակայն Ֆլիկի օրոք «Բավարիան» սկսեց վերածնվել, իսկ մրցակիցները կրկին վախենում են նրանից։ Նա հիանալի լուծել է պաշտպանությունում առկա խնդիրները։ Նիկոլաս Զյուլեն ծանր վնասված ունի, Խավի Մարտիենսն այլևս այն չէ, այդ իսկ պատճառով Դավիդ Ալաբային գերմանացի մասնագետը տեղափխովեց պաշտպանության կենտրոն, ով այժմ զույգ է կազմում Լյուկա Էրնանդեսի հետ, իսկ ձախ եզր տեղափոխեց երիտասարդ վինգեր Ալֆոնսո Դևիսին։ Այս որոշումը վճռորոշ եղավ մյունխենյան ակումբի համար, քանի որ թե՛ Ալաբան, թե՛ Դևիսը հիանալի են հանդես գալիս իրենց նոր դիրքերում, դե իսկ Բենջամին Պավարը հիանալի փակում է աջ եզրը՝ դառնալով լավագույններից մեկն այդ եզրում։ Հարկ եղած դեպքում Պավարն էլ է հանդես գալիս պաշտպանության կենտրոնում։ Մեկ շատ կարևոր փաստ էլ․ Թոմաս Մյուլլերը Ֆլիկի օրոք սկսել է երկրորդ երիտասարդությունն ապրել և անհանվանական մրցաշրջան է անցկացնում։ 30-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մցրաշարերի շրջանակում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Այս զույգում ֆավորիտը մյունխենյան ակումբն է, քանի որ նախ այս թիմը հաղթանակների ծարավ է, և երկրորդ՝ «Բավարիան» ավելի կայուն թիմի է վերածվել։ Ռոբերտ Լևանդովսկի-Թոմաս Մյուլլեր- Սերժ Գնաբրի եռյակը, իրոք, ներկայումս սարսափ է առաջացնում մրցակիցների մոտ, իսկ Ֆիլիպե Կոոտուինիոյի, Կինգլի Կոմանի, Յոզուա Կիմիխի, Տիագո Ալկանտարայի պես խաղացողները միանշանակ ավելի վստահ տեսք են տալիս մյունխենցիներին, իսկ Ֆրենկ Լեմպադի տրամադրության տակ այսպիսի կատարողներ չկան, թիմի ամենաառանցքային խաղացողներից՝ Ն’գոլո Կանտեն վնասվածք ունի, թիմի գոլահարը նույնպես, թիմի երիտասարդներն էլ նման հանդիպումների փորձի լուրջ պակաս ունեն։ Կարճ ասած՝ «Չելսին» նույնիսկ առաջին խաղում քիչ շանսեր ունի։ Բայց մեկ բան էլ է ակնհայտ․ «Չելսին» ոչ մի թիմի համար նվեր չէ և Ֆրենկ Լեմպարդն էլ կարողանում է ավելի լուրջ խաղերում լրիվ այլ կերպ մոտենալ և տրամադրվել, միայն թե պետք է ավելի ուշադիր խաղալ պաշտպանությունում։
Թիմերի հնարավորությունները՝ «Չելսի»՝ 30%, «Բավարիա»` 70%
«Լիոն» – «Յուվենտուս» 26․02, 23։55
Ֆրանսիական ակումբը կարծես թե վերջնականապես կարգավորել է այն խդնիրները, որի առջև բախվել էր մրցաշրջանի սկզբնամասում։ Այն ժամանակ թիմը Սիլվինիոյի օրոք չափազանց անհաջող էր հանդես գալիս և հայտնվել էր Լիգա 1-ի վտանգավոր գոտում։ Հետագայում անփորձ Սիլվինիոյին փոխարինեց Ռուդի Գարսիան, ով «Լիոնին» նոր շունչ հաղորդեց։ Այժմ «Լիոնը» 37 միավորով զբաղեցնում է Լիգա 1-ի 7-րդ հորիզոնականը՝ պայքարելով եվրագավաթային ուղեգրերի համար։
Ֆրանսիական ակումբը Չեմպիոնների լիգայի իր խմբում վերջին տուրից առաջ շատ բարդ իրավճակում էր հայտնվել և միայն «Բենֆիկայի»՝ «Զենիթի» նկատմամբ տարած 3։0 հաշվով հաղթանակի շնորհիվ կարողացավ հայտնվել երկրորդ հորիզոնականում։ Վերջին խաղում «Լիոնը» կարողացավ իր մեջ կամային որակներ գտնել և երկու գնդակ հետ բերել «Լայպցիգի» դեմ խաղում և այդ մեկ միավորի շնորհիվ էլ դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Սակայն, այս թիմին հանգիստ չեն տալիս վնասվածքները։ Թիմի առաջատարներ Ջեֆ Ռեյնեն և Մեմֆիս Դեպայը դեկտեմբերին կայցած «Թուլուզի» դեմ խաղում ծանր վնասվածքներ ստացան և մրցաշրջանի երկրորդ հատվածը բաց են թողնում, ինչը Ռուդի Գարսիայի թիմի համար մեծ կորուստ է։ Խաղը բաց կթողնեն նաև Օմար Սոլեն և Յուսուֆ Կոնեն, իսկ Ռաֆայելի մասնակցությունը հարցականի տակ է։
Չնայած «ծեր սենյորան» գլխավորում է իտալական Ա սերիայի մրցաշարային աղյուսակը, սակայան թուրինյան ակումբի մոտ չկա այն վստահությունը, որը կար նախկինում։ Մաուրիցիո Սարիի թիմի գրանցած արդյուքները երկակի տպավորություն են թողնում։ Մի կոմղից թիմը գրեթե միշտ հաղթում է իրենից ավելի թույլ մրցակիցներին, մյուս կողմից էլ թիմը վերջին շրջանում անհաջող է հանդես գալիս։ Թուրինյան ակումբը վերջին 1 ամսվա մեջ երկու անգամ պարտվեց առաջնության շրջանակներում՝ նույն 2։1 հաշվով զիջելով «Նապոլիին» և «Վերոնային», իսկ գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպման շրջանակում հյուրընկալվելիս մեծ դժվարությամբ ոչ-ոքի կորզեց «Միլանի» դեմ խաղում։
Տարբեր աստիճանի վնասվածքների պատճառով դիմակայության առաջին խաղը միանշանակ բաց կթողնեն Մերիհ Դեմիրալը, Դուգլաս Կոստան, ինչպես նաև Սամի Խեդիրան, իսկ Միրալեմ Պյանիչի մասնակցությունը հարցականի տակ է։
Այս դիմակայությունը կարելի է համարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի միակ զույգը, որտեղ որևէ թիմի հաջորդ փուլ դուրս գալը գրեթե որևէ կասկած չի հարուցում, քանի որ ուժերը խիստ անհավասար են։ «Յուվենտուսն» այնքան երկար պահեստայինների նստարան ունի, որ վնասվածք ունեցող խաղացողների բացը հեշտությամբ կլրացվի՝ գումարած դրան այս ակումբի կազմում է հանդես գալիս Չեմպիոնների լիգայի պամտության լավագույն ռմբարկուն։ Կրիշտիանու Ռոնդալուն, իրոք, կրկին ահավանական ֆուտբոլ է ցուցադրում՝ Ա սերիայի վերջին 11 խաղերում դառնալով գոլի հեղինակ, ինչը ռեկորդի կրկնություն է։ Կրիշը կարծես թե զայրացել է Լեո Մեսսիի վեցերորդ «Ոսկե գնդակը» ստանալու փաստից և որոշել է կրկին հավասարվել արգենտինացուն, իսկ բոլորս էլ գիտենք, թե ինչի է ընդունակ պորտուգալացին ՉԼ փլեյ-օֆֆ-ի խաղերում։ Կարճ ասած՝ «Լիոնը» երկխաղյա դիմակայությունների պարագայում հաջորդ փուլ դուրս գալու գրեթե ոչ մի հնարավորություն չունի։
Թիմերի հնարավորությունները՝ «Լիոն»՝ 10%, «Յուվենտուս»՝ 90%
«Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» 26․02, 23։55
«Ռեալի» գրանցած արդյունքները ընթացիկ մրցաշրջանում նույնպես երկակի տպավորություն են թողնում։ Զինեդին Զիդանի թիմը ակնհայտ ձախողեց մրցաշրջանի մեկնարկը. անհասկանալի արդյունքներ էին գրանցվում շատ խաղերում, սակայն հոկտեմբեր ամսից սկսած «արքայական» ակումբը կայունացրեց իր խաղը, բայց դա այն խաղը չէ, որը շատերը սպասում են։
Հոկտեմբերի 19-ին «Մալյորկային» հյուրընկալվելիս 1։0 հաշվով պարտվելուց հետո «արքայական» ակումբը 21 անպարտելի խաղ ունեցավ բոլոր մրցաշարերի շրջանակում, սակայն այդ 21 խաղերից շատերում էլ մադրիդյան ակումբը ունեցավ խնդիրներ։ Այդ ընթացքում «Ռեալը» նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը՝ եզրափակչում 11 մետրանոցներով հաղթելով «Ատլետիկոյին», իսկ իսպանական Էլ կլասիկոյի ժամանակ «արքայական» ակումբը վատ տպավորություն չթողեց։ Բայց պետք է նշենք, որ այդ խաղերում «Ռեալը» չկարողացավ և ոչ մի գնդակ խփել մրցակիցների դարպասը։
«Ռեալն» ընթացիկ մրցաշրջանում կարծես թե գոլային խահերն իրացնելու խնդիրներ ունի։ Թիմի հարձակվողական օղակն ակնհայտ սկսել է կաղալ վերջին շրջանում։ Կարիմ Բենզեման վերջին անգամ գոլի հեղինակ է դարձել փետրվարի 1-ին, իսկ նրա կողքին հանդես եկող Վինիսիուսը, Ռոդրիգոն, Գարեթ Բեյլը, Լուկաս Վասկեսը ոչ միայն գոլահար չեն, այլև լավ մարզավիճակում չեն, իսկ Էդեն Ազարի մասին չենք էլ խոսում։ Հարձակման գծում ունեցած խնդիրների պատճառով «արքայական» ակումբի մոտ խաղային որոշակի անկում է նկատվում․ նրանք չեն հաղթել Լա լիգայի իրենց վերջին 2 խաղերը՝ առաջատարի դիրքը կրկին զիջելով «Բարսելոնային»։
«Ռեալին» այս խաղում միանշանակ չեն օգնի Էդեն Ազարն ու Մարկո Ասենսիոն, իսկ Ռոդրիգո Գոյեսի մասնակցությունը հանդիպմանը հարցականի տակ է, քանի որ «Կաստիլիայի» կազմում կիրակի օրը մասնակցել է հանդիպման։
«Մանչեսթեր Սիթիի» մասին շատ բան կա խոսելու, սակայն փորձենք համառոտ ներկայացնել իրավիճակը։
Պեպ Գվարդիոլայի թիմը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը կարելի է ասել ձախողեց, քանի որ մրցաշրջանի ընթացքում չափից դուրս շատ միավորներ բաժանեց այն խաղերում, որտեղ որ դժվար էր պատկերացնել միավորների կորուստը և այժմ 22 միավոր զիջում է առաջատար «Լիվերպուլին»։
«Սիթիին» նաև խանգարում են անկայուն ելույթները, ինչը կարելի է կապել թե՛ հոգնածության, թե՛ ներքին առաջնությունում մոտիվացիայի պակասի հետ և թե՛ կադրային լուրջ խնդիրների հետ, որոնք առաջացան մրցաշրջանի ընթացքում։ Ամեն դեպքում՝ «Սիթին» նույնիսկ այպիսի ելույթներով դուրս է եկել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ, իսկ Անգլիայի գավաթի շրջանակում արդեն հասել է 1/8 եզրափակիչ։ ԱՊԼ-ի վերջին երկու խաղերում էլ Պեպ Գվարդիոլայի թիմը բավականին լավ տեսք ուներ՝ հաղթելով «Վեսթ Հեմին» և «Լեսթերին»։ Ընդհանուր առմամբ պետք է նշենք նաև, որ «Սիթին» նույնիսկ այն խաղերում, որտեղ միավորներ է կորցրել, մրցակիցներից ակնհայտ լավ տեսք է ունեցել բոլոր առումներով, սակայն ընթացիկ մրցաշրջանում ինչ-որ բան նրանց դեմ է։
Այս խաղում «քաղաքաբնակները» խաղին գրեթե մոտենում են առանց կորուստների։ Միակ խաղացողը, որը դեռևս ապաքինվում է վնասվածքից Լերոյ Սանեն է, իսկ Ռահիմ Սթերլինգի մասնակցությունը հարցականի տակ է։ Անգլիացի վինգերը եթե մասնակցի հանդիպմանը, ապա միանշանակ փոխարինման դուրս կգա, սակայն նրան փոխարինել հնարավոր է։
Այս դիմակայությունում գտնել որևէ ֆավորիտ բավականին դժվար է, քանի որ կարելի է ասել իրար դեմ են բախվելու ներկա պահին իրապես հավասար թիմեր։ Interfootball-ը նույնպես թիմերի շանսերը գնահատում է հավասար իսկ դրա համար կան հիմնավոր պատճառներ, որոնք կփորձենք բացատրել։
Ինչպես գիտեք՝ «Մանչեսթեր Սիթին» վերջերս ՈՒԵՖԱ-ի կողմից երկու տարով զրկվել է հաջորդ երկու տարում եվրագավաթներին մասնակցելու իրավունքից, իսկ «քաղաքաբնակների» մարզչական շտաբը և խաղացողները հասկանում են, որ սա կարող է նրանց վերջին հնարավորությունը լինի, որպեսզի կարողանան ապացուցել, որ «Մանչեսթեր Սիթին», իրոք, գերակումբ է, ոչ թե փողի «մեշոկ»։ «Ռեալն» էլ պետք է ապացուցի, որ առանց Կրիշտիանու Ռոնալդուի նույնպես կարող է լուրջ հաջողություններ գրանցել, և որ այդ երեք անընդմեջ նվաճած Չեմպիոնների լիգայի գավաթը չեն եղել պատահականություն։ Այստեղ շատ կարևոր է, որ Զիդանը վերջապես ցույց տա իր մարտավարական ունակությունները, քանի որ նրան անընդհատ անվանում են «ֆիզրուկ» այն բանի համար, որ նա կրկնօրինակում է այլ մարզիչների, գաղափանրեր է վերցնում։ Նրա քննադատները նաև նշում են, որ Զիդանին օգնում է նախկին խաղացող լինելու փաստը։ Երկու կողմերի համար էլ եկել է բոլոր կարծրատիպերը կոտրելու ժամանակը։
«Մանչեսթեր Սիթին» ներկա պահին խաղային առումով ավելի լավ տեսք ունի, քան «Ռեալը»։ Այստեղ կարող ենք հաշվի առնել Կևին դե Բրոյնեի գործոնը, ով կրկին տիեզերական ֆուտբոլ է ցուցադրում, իսկ «արքայական» ակումբը խնդիրներ ունի ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում։ «Արքայական» ակումբի կազմից էլ կարելի է առանձնացնել Ֆեդե Վալվերդեի և Տոնի Կրոսի գործոնը, ովքեր անհավանական աշխատանք են կատարում դաշտի կենտրոնում։
Զինեդին Զիդանի թիմի հաղթաթուղթը կարելի է համարել այն, որ այս թիմը գրեթե ոչ մի խաղացողից չունի կախվածություն, և եթե Կարիմ Բենզեմայի կամ այլ հարձակվողի մոտ չի ստացվում որևէ բան, ապա գոլի հեղինակ կդառնան Սերխիո Ռամոսը, Կազեմիրոն կամ օրինակ Ֆեդե Վալվերդեն։ Այս հարցում «Մանչեսթեր Սիթին» ևս պարծենալու տեղ ունի, քանի որ բացի Կևին դե Բրոյնեից (դա էլ որոշ վերապահումներով) ակումբը որևէ այլ խաղացողից կախվածություն չունի, իսկ երկար պահեստայինների նստարանը ստիպում են մտածել, որ որևէ խաղացողի բացակայություն չի կարող իրեն լրջորեն զգացնել տալ։
Խաղային առումով «Ռեալի» առավելությունը կարող է դառնալ այն, որ հագեցնի դաշտի կենտրոնը և փորձի խաղալ հակագրոհների վրա, քանի որ բոլորս գիտենք, որ Գվարդիոլայի թիմերը կաղում են մրցակցի հակագրոհները կասեցնելու գործում, իսկ Գվարդիոլայի առավելությունը կարող է լինել մրցակցի պաշտպանության վրա անընդհատ ճնշում գործադրելը, գնդակի հստակ վերահսկումը։
«Ռեալը» կարող է օգտվել նաև այն հանգամանքից, որ անգլիական ակումբը պաշտպանության կենտրոնում խնդիրներ ունի։ Էմերիկ Լապորտը նոր է ապանքինվել վնասվածքից և ֆունկցիոնալ առումով լավ մարզավիճակում չէ, նրա կողքին խաղացող Ֆերնանդինիոն նոմինալ կենտրոնական պաշտպան չէ, իսկ Ջոն Սթոունզն ու Նիկոլաս Օտամենդին ակնհայտ ձախողում են մրցաշրջանը, դե իսկ Էրիկ Գարսիան միանշանակ այսպիսի խաղում դժվար թե շանս ստանա։
Այպսիով, ինչպես տեսնում եք՝ շատ ասպեկտներ կարելի է առաջ քաշել համոզվելու համար, որ ներկա պահին իրենց ունեցած ռեսուրսների և ցույց տված խաղով երկու թիմերն էլ ունեն ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ։ Ինչպես վերևում արդեն նշեցինք` երկու թիմերն էլ շատ բան ունեն ապացուցելու համաշխարհային հանրությանը, իսկ այս դիմակայությունը դառնալու է 1/8 եզրափակչի իսկական զարդը և հանգիստ կարող էր զարդարել մրցաշարի եզրափակիչը։ Ցավոք, պայքարը շարունակելու է ընդամենը մեկը, իսկ այդ մեկին պարզելու համար շատ կարևոր կլինեն մանրուքները։ Ամեն դեպքում մեզ երկու հիանալի հանդիպում է սպասվում։
Թիմերի հնարավորությունները՝ «Ռեալ»՝ 50%, «Մանչեսթեր Սիթի»՝ 50%:
Այսպիսով, այս երկար հոդվածով գնահատեցինք թիմերի հնարավորությունները և հասկացանք, թե ինչ վիճակով են մոտենում հանդիպմանը, իսկ դիմակայությունների տակտիկական գնահատակնները կտանք հանդիպումներից հետո։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով!!!
Միքայել Մելիքբեկյան
# Բավարիա, Բարսելոնա, Լիոն, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, Նապոլի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ