Չիրացված պահերի երեկո. Շվեդիան դիմացավ իսպանացիների մեծ ճնշմանը🎥
Եվրո-2020-ի E խմբի շրջանակում Իսպանիայի հավաքականը Սևիլիայում մրցեց Շվեդիայի ընտրանու դեմ։
Ինչպես և սպասվում էր, առաջին կեսն անցավ իսպանացիների բացահայտ տարածքային առավելությամբ, ինչի հետևանքով էլ ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր։
Աչքի ընկնելուն շատ մոտ էին Դանի Օլմոն, Կոկեն և Ալվարո Մորատան։
Հատկապես հիշատակման է արժանի Մորատայի դրվագը, երբ «ֆուրիա ռոխայի» կենտրոնական հարձակվողը մեն-մենակ էր մնացել շվեդների դարպասապահ Ռոբին Օլսենի դիմաց, սակայն անչափ անհաջող գործեց` հարվածելով շեղ։
Ինչ վերաբերում է Շվեդիայի հավաքականին, ապա Յենե Անդերսոնի սաները 41-րդ րոպեին ֆանտաստիկ գոլային պահ ունեցան. Ալեքսանդր Իսակը ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, խաբս տվեց պաշտպաններին, հարվածեց, սակայն գնդակը դատարկ դարպասից հեռացրեց Մարկոս Լյորենտեն։
Ամեն դեպքում, առաջին խաղակեսում գոլեր չտեսանք։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ պատկերը նույնն էր. Լուիս Էնրիկեի սաները գնդակին տիրում էին բավական շատ, իսկ «տրե կունիրը» շեշտը դրել էր հակագրոհների վրա։
61-րդ րոպեին այդ հակագրոհներից մեկը կարող էր դառնալ հարվածային. Իսակը կրկին հայտնվել էր մրցակցի տուգանային հրապարակ և այս անգամ երիտասարդ հարձակվողը փոխանցեց դեպի Մարկուս Բերգը, ով մոտ տարածությունից անհասկանալի գործեց` հարվածելով բարձր։
Այդ դրվագից հետո շվեդներն այլևս գոլային պահեր չուեցան, իսկ տանտերերը փորձում էին ամեն կերպ խփել հաղթական գնդակը։
Լուիս Էնրիկեն որոշ փոփոխություններով փորձեց ակտիվացնել իր թիմի խաղը, սակայն իսպանացիներին երկրորդ կեսում չէր բավանակացնում թե՛ դիպուկությունը և թե՛ սրությունը։
Խաղավերջում` 90-րդ րոպեին, կարող էր հերոսանալ փոխարինման դուրս եկած Ժերար Մորենոն, սակայն նրա գլխով կատարած հարվածից հետո Ռոբին Օլսենը կրկին փայլեց։
Ի վերջո, այս խաղում գոլեր չտեսանք և գրանցվեց Եվրո-2020-ի առաջին գոլազուրկ ոչ-ոքին։
1-ին տուրից հետո E խումբը ստացավ հետևյալ տեսքը.
- Սլովակիա – 3 միավոր
- Իսպանիա – 1 միավոր
- Շվեդիա – 1 միավոր
- Լեհաստան – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Մորատա, ԵՎՐՈ-2020, Ժերար Մորենո, Իսպանիայի հավաքական, Լուիս-Էնրիկե, Յենե Անդրեսոն, Շվեդիայի ազգային հավաքական, Ռոբին Օլսեն