Հայտնի դարձավ առաջին ակումբը, որը հաջորդ մրցաշրջանում կխաղա ԱՊԼ-ում
Անգլիական Չեմպիոնշիփի շրջանակում կայանում են 42-րդ տուրի հանդիպումները։
Մրցաշարային աղյուսակի վերնամասում ընթացող «Վոթֆորդն» ու «Սուոնսին» այս տուրում չկարողացան հաղթել իրենց մրակցիներին։ «Վոթֆորդը» հյուրընկալվելիս 0։1 հաշվով զիջեց «Լութոն Թաունին», իսկ «կարապները» իրենց հանդիպումը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2։2 հաշվով ավարտեցին առաջնության ակնհայտ հետնապահ «Ուիկոմ Վոնդերերսին»։
«Նորվիչը», որը վաստակած 90 միավորով գլխավորում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը, մրցակցիների սայթաքումների շնորհիվ նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում։ «Դեղձանիկները» առաջնության ավարտից 4 տուր առաջ արդեն, միանշանակ, չեն կարող նահանջել 3-րդ հորիզոնական, որը 76 միավորով զբաղեցնում է «Սուոնսին»։
«Վոթֆորդն» էլ 82 միավորով 2-րդն է։
Հավելենք, որ 42-րդ տուրում «Նորվիչն» իր հանդիպումը դեռևս չի էլ անցկացրել։ Դանիել Ֆարկեի թիմը ապրիլի 17-ի սեփական հարկի տակ կմրցի «Բորնմութի» դեմ։
Այսպիսով, «Նորվիչը» մեկ տարվա դադարից հետո վերադառնում է ֆուտբոլային էլիտա։
# ԱՊԼ, Բորնմութ, Դանիել Ֆարկե, Նորվիչ, Չեմպիոնշիփ, Սուոնսի, Վոթֆորդ