FA Cup. Չելսին մեծ դժվարությամբ հաղթեց Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբին🎥
Անգլիայի գավաթի՝ FA Cup-ի 1/8 եզրափակիչ վերջին մրցավեճի շրջանակում «Չելսին» արտագնա խաղում ուժերը չափեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Բարնսլիի» դեմ։
Ինչպես և ենթադրվում էր, հանդիպման հենց մեկնարկային րոպեներից «կապույտները» տիրեցին նախաձեռնությանը, սակայն առաջին խաղակեսում ցանկալի արդյունքի հասնել չկարողացան։
Ունենալով գնդակին տիրելու 72%-անոց ցուցանիշ՝ առաջին 45 -ոպեների ընթացքում Թոմաս Տուխելի տղաները չկարողացան մրցակցի դարպասին կատարել և ոչ մի հարված։
Դեռ ավելին՝ «Բարնսլիի» տղաները գրագետ պաշտպանվում էին և ավելի վտանգավոր գրոհում, քանի որ, միայն առաջին խաղակեսում տանտերերը 5 հարված կատարեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, որոնցից մեկը դիպուկ։ Այնինչ, «ազնվականները» 2 հարված կատարեցին, որոնք շեղ ընթացան։
Ընդմիջումը, կարծես, սթափեցրեց «ազնվականներին», որոնք երկրորդ խաղակեսը բավական ակտիվ մեկնարկեցին՝ ստեղծելով մի շարք իրական վտանգավոր պահեր մրցակցի դարպասին, սակայն »կապույտներին» չէր հաջողվում դիպուկ հարվածներ կատարել «Բարնսլիի» դարպասին։
64-րդ րոպեին Տուխելի սաներին հաջողվեց անել այն, ինչ մինչ այդ պահը չէր ստացվում։ Հանդիպման հյուրերը հարձակման աջ եզրով գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Ռիս Ջեյմսը դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց Թեմի Աբրահամին, ով էլ բացեց խաղի հաշիվը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Բարնսլիի» ֆուտբոլիստները կարող էին փրկել հանդիպումը, սակայն Վալերյեն Իսմայիլի սաներին չհաջողվեց այդպես էլ խփել փրկության գնդակը։
Այսպիսով, «Չելսին» մեծ դժվարությամբ հաղթեց 1։0 հաշվով և պայքարը կշարունակի Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակում։
Ստացվեց այնպես, որ լոնդոնյան ակումբը հաղթանակ տարավ իր կատարած միակ դիպուկ հարվածի շնորհիվ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Բարնսլի, Թեմի-Աբրահամ, Թոմաս ՏՈւխել, Չելսի, Ռիս Ջեյմս