Որս, թե՞ որսորդ. Ռեալ Մադրիդ – Չելսի

Որս, թե՞ որսորդ. Ռեալ Մադրիդ – Չելսի

28/04/2021 - 23:53

Չեմպիոնների Լիգան յուրօրինակ մրցաշար է․ այստեղ ավելի կարևոր է տիրապետել իրավիճակին, քան գերակայել խաղի ընթացքում։ Հենց այ դրա մասին է այս խաղի հատկապես առաջին կեսը՝ Վեռների վրիպումներով, Պուլիշիչի շտապողականությամբ և Բենզեմայի գոլով։

Դուք կարող եք հոյակապ ծրագիր մշակել, մանրամասն բացատրել ամեն մի ֆուտբոլիստի իր գործառույթը, նույնիսկ կանխատեսել դրվագները, բայց այն գիշատիչի փորձը, որն ունի հակառակորդը ամենակարևորն է նմանատիպ խաղերում։

Մադրիդցիները, ինչպես փորձառու գիշատիչը, բավական է միայն՝ արյան հոտը, և նրանք չեն ների և ոչ մի թուլություն․ եկեք խոստովանենք, որ Վեռները ավելի շատ եղնիկի էր նման, մինչդեռ Բենզեման իսկական վայրի գազան էր (Ժոզե ականջդ կանչի, ժամանակին Մոուրինյոն Կարիմին համեմատել է կատվի հետ):

Այս խաղում բախվեցին Թոմաս Տուխելի մտացածինը և մադրիդցիների փորձը։ Ասել է, թե որսն ու որսորդը, իսկ թե ով էր որսը, ով՝ որսորդը, որոշեք դուք։

Հանդիպման մարտավարական/տակտիկական վերլուծությունը

Առաջին խաղակես

Զիդանի՝ Չելսիի հետ խաղում դուրս բերած կազմը խաղադաշտում ուներ 3-5-2, որը կարող էր դառնալ 3-4-2-1 տակտիկական դասավորությունը․ կարելի էր ենթադրել, որ ֆրանսիացի մասնագետը հայելանման կրկնել է Տուխելի թիմի խաղային սխեման, բայց ամեն ինչ այդքան էլ հասարակ չէր։

Չելսին ուներ հստակ խաղային նպատակ․ մշակված հենց այս խաղի համար, իսկ Ռեալում անորոշություն էր, հատկապես նրանց ձախ եզրում։ Օրինակ Մարսելոն, ով խաղը սկսել էր ձախ եզրում, հաճախ տեղաշարժվում էր կենտրոն, նրա դիրքում հայտնվում էր Տոնի Կրոսը, բայց դա գրոհի մեկնարկի ժամանակ․ հետագայում գնդակի կորստի դեպքում այդ ամբողջ եզրը մնում էր խեղճ Նաչոյի վրա։ Այստեղ Կարվախալը մյուս եզրում ապահովում էր գրոհի լայնույթը, բայց զգացվում էր, որ այս խաղացողներով և այս դասավորությամբ Զիդանի թիմը շատ քիչ է խաղացել, և խաղացողները չէին հասցնում մեկը մյուսի բաց թողած դիրքը ապահովագրել։

Ահա, այդ ամենի հետևանքով այսպիսի իրավիճակներ էին ստեղծվում, երբ միայն Պուլիշիչի սխալ որոշումներն էին փրկում Ռեալին։

Ինչպես նշեցինք Ռեալը առաջին կեսում բավականին հախուռն էր, իսկ Թոմաս Տուխելի թիմը հստակ խաղում էր մշակված ծրագրով։ Տեսեք՝ այս նկարում Չելսին է գրոհելիս․

Նախկինում մի քանի անգամ նշել ենք, որ Չելսիի բազային սխեման 3-4-2-1 բավականին հիբրիդային է, սրա համար հատուկ շնորհակալություն՝ Թոմաս Տուխելին, բայց հիմա դրա մասին չէ, որ պետք է խոսենք․ 3-4-2-1-ը գրոհելիս վերածվում է 3-2-5-ի, այստեղ խպնդրում եմ հատուկ ուշադրություն․

Մոյսոն Մաունտը առանց գնդակի խաղում էր կիսապաշտպանության կենտրոնում, իսկ գրոհելիս վերածվում է կենտրոնական հարձակվողի և դառնում Միլիտաոյի՝ զույգը կոպիտ ասած․ այս կրկնվող երևույթը ստիպում է Ռեալի պաշտպանին հետապնդել Չելսիի ֆուտբոլիստին ընդհուպ մինչև կենտրոն , երբ նա գնդակով է լինում:

Այս ամենի հետևանքով խախտվում է Ռեալի պաշտպանությունը դիրքային առումով․ Նաչոն ստիպված փակում է Միլիտաոյի դիրքը՝ շարժվելով դեպի Պուիլիշիչը:

Մարսելոն իր հերթին շտապում է ապահովագրել Նաչոյի դիրքը, ինչի արդյունքում Ասպիլիկուետան ազատ գնդակ է ստանում և կարողանում է առանց խոչընդոտի փոխանցում կատարել, որտեղ Վեռներին ուղղակի մի քանի սանտիմետր է պակասում:

Այս ամենը Տուխելի ծրագրի մի մասն էր, երբ Մաունտը, Պուլիշիչը և Վեռները փոխնիփոխ Ռեալի պաշտպաններին ստիպում էին լքել իրենց դիրքերը, ինչի հետևանքով ազատ գոտիներ էին ստեղծվում նրանց թիկունքում։

Չելսիի գոլը հենց այս ամենի արդյունքն էր․ տեսեք  Վարանը հսկում է Վեռներին, Միլիտաոն ցանկանում է շարժվել դեպի  Մաունտը, Նաչոն չի նկատում Պուլիշիչի մեկնարկը, արդյունքում՝ 1-0։

Ուղղակի այստեղ հատկանշական է նաև Ռեալի պրեսինգի պասիվությունը։ Չի կարելի Չեմպիոնների Լիգայի 1/2  եզրափակիչում մրցակցի պաշտպանին դաշտի կենտրոնից թույլ տալ ազատ որոշում կայացնել։

Նման հանկարծակի վազքերը առաջին խաղակեսում իրականացնում էին ոչ միայն հարձակման գծի ֆուտբոլիստները․ օրինակ՝ տեսեք այստեղ Ասպիլիկուետան է օգտվում  պաշտպանների անորոշությունից:

Ռեալի այս տեսակ բացթողումներից օգտվում էր Կանտեն, ով մի քանի անգամ՝ զգալով, որ Մարսելոն և Տոնի Կրոսը ձախ եզրը թողել են բախտի քմահաճույքին, մի քանի անգամ լավ դիքրում գնդակ ստացավ:

Ուղղակի, ցավոք, ֆրանսիացի ֆուտբոլիստի կառուցողականը մի փոքր կաղում է, հակառակ դեպքում Ռեալի առաջին կեսի բացթողումները կարտացոլվեին նաև հաշվի տեսքով։

Երկրորդ խաղակես

Երկրորդ կեսում Ռեալն արդեն հասկացել էր իր բացթողումները և 3-5-2-ը Զիդանը վերածել էր 5-3-2-ի։ Լուկա Մոդրիչն ու Տոնի Կրոսը սկսեցին ավելի խորքից գործել։ Այս ամենի հետևանքով Չելսին էլ չէր կարողանում առաջին կեսի նման այդքան շատ ազատ գոտիներ գտնել և հակագրոհը վերածվում էր դիրքային գրոհի։ Հենց այս պատճառով Տուխելը կատարեց փոխարինումներ և խաղադաշտ մտան Կայ Հավերցն ու Հակիմի Զիեշը։ Այս երկու ֆուտբոլիստները շատ ավելի օգտակար են խորը պաշտպանությունը ճեղքելու համար, քան հակագրոհի, ինչը արդյուքն չտվեց։

Հետևություն

Հանդիպման արդյուքը բավականին տարակուսելի զգացողություն կարող է առաջացնել հենց լոնդոնցիների մոտ, եթե խաղից առաջ 1-1 հաշվին Չելսին կհամաձայնվեր, ապա խաղից հետո, այս հաշիվը ավելի շատ Ռեալի օգտին կարելի է գրանցել, երբ հաշվի առնենք Մադրիդցիների կադրային կորուստները և հանդիպման ընթացքը, ուղղակի Կարիմ Բենզեման գոլ հեղինակեց ճիշտ ժամանակին, և Չելսին, ով որսորդի դերն էր ստանձնել, հանկարծ այդ գոլից հետո իրեն որս զգաց։

Ի դեպ, սա ֆրանսիացի հարձակվողի 71-րդ գոլն է Չեմպիոնների Լիգայի մրցաշարում․ ճիշտ՝ Ռաուլի չափ։

Կապույտով Լիոնի կազմում հեղինակած գոլերն են, իսկ սպիտակով՝ Ռեալի։

Ոչ-ոքին նվեր է հենց ֆուտբոլի երկրպագուներին, բայց մի քիչ վիճակագրություն․ այն թիմը, որը առաջին խաղը հյուրընկալվելիս ավարտել է 1-1 հաշվով, 67,5%  դեպքերում անցել է հաջորդ փուլ։ 

Ամեն դեպքում, դեռ պետք է որոշել, թե ով է որսը, ով՝ որսորդը։

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023