Չեխիան գերդրամատիկ պայքարում 20 տարի անց նվաճեց ԱԱ-ի ուղեգիր 🎥
Չեխիայի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։
Միրոսլավ Կոուբեկի գլխավորած թիմը եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով (3:1) հաղթեց Դանիայի ազգային հավաքականին։
Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվեց 2:2 հաշվով։
Չեխերին արդեն 3-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Պավել Շուլցը։ Դանիացիների պատասխան գնդակը 72-րդ րոպեին խփեց Յոաքիմ Անդերսենը։
Լրացուցիչ ժամանակում` 100-րդ րոպեին, տանտերերին նորից առաջ մղեց թիմի ավագ Լադիսլավ Կրեյչին։ «Վուլվերհեմփթոնի» պաշտպանը գոլ էր խփել նաև Իռլանդիայի դեմ անցումային փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչում, որին նույնպես պայքարից դուրս էին թողել հետխաղյա 11-մետրանոցներով։
Թվում էր, թե չեխերը կհաղթեն, բայց 111-րդ րոպեին նորվեգական «Բուդյո Գլիմտի» հարձակվող Կասպեր Հյոգը սկանդինավներին փրկեց պարտությունից` խաղը տեղափոխելով 11-մետրանոց հարվածաշար։
Դանիացիները շատ վատ իրացրին իրենց հարցածները. նշակետից վրիպեցին Ռասմուս Հոյլունը, Անդրես Դրեյերը և Մատիաս Յենսենը։ Չեխերից դարպասը չգրավեց Կրեյչին, բայց դա ճակատագրական չեղավ իր թիմի համար։
Այսպիսով, Չեխիան 20 տարի անց նվաճեց Մունդիալի ուղեգիր և ընդգրկվեց մրցաշարի A խմբում, որտեղ կհանդիպի Մեքսիկայի, ՀԱՀ-ի և Հարվային Կորեայի հավաքականներին։
Նշենք, որ Չեխիան, որպես անկախ պետություն, մասնակցել է միայն աշխարհի 2006թ. առաջնությանը։
Երկիրը Չեխոսլովակիայի կազմում 8 անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը` 1934 և 1962 թվականներին դառնալով փոխչեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml