Լոնդոնում խաղաղություն էր․ Չելսին ու Յունայթեդը չպարզեցին հաղթողին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Առաջին կեսը հիմնականում անցավ հավասար պայքարում։ Հավասարությունն արտացոլվում էր նաև վիճակագրությամբ․ կոմղերը գնդակին տիրում էին 51։49% հարաբերակցությամբ (առավելությունը «Չելսիի» կողմն էր), մեկական դիպուկ հարվածով սպառնացին միմյանց դարպասին և իրացրին համապատասխանաբար 2 և 3 անկյունային հարված։
Այդ հավասարությունը նպաստեց նաև, որ ակումբներն ընդմիջման գնան 0։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսն էլ կարծես առաջինի տրամաբանական շարունակությունը լիներ և նույն հավասարությունն էր խաղադաշտում, սակայն արդեն գնդակին ավելի շատ տիրում էին «ազնվականները»։
Խաղակեսի ինչ-որ պահից սկսած մանկունյական ակումբը սկսեց իրապես սպառնալ Էդուարդ Մենդիի դարպասի ուղղությամբ, սակայն Մեյսոն Գրինվուդը, Սքոթ Մաքթոմինայը և Ֆրեդը վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Խաղավարտին մոտ էլ ակումբներն ակտիվացան, փորձեցին հաղթանակ կորզել, փոխանակվեցին վտանգավոր պահերով, սակայն չհաջողվեց խփել բաղձալի գոլը։
Ամեն դեպքում, խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին և խաղն ավարտվեց նույն հաշվով, որով «Չելսին» ու «ՄՅՈՒ»-ն սկսել էին՝ 0։0։
Այսպիսով, կողմերը կիսեցին միավորը։ «Կապույտները» վաստակեցին 44 միավոր և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ տեղը զբաղեցնող «Վեսթ Հեմին» զիջելով 1 միավոր։
«Կարմիր սատանաները» 50 միավորով 2-րդն են և առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջում են արդեն 12 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թոմաս ՏՈւխել, Մանչեսթեր-Յունայթեդ, Չելսի, Պրեմիեր-լիգա, Օլե-Գունար-Սուլշեր