Թրիլլեր «Էթիհադում»․ Չելսին շոկի ենթարկեց Սիթիին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։
Առաջին խաղակեսը հիմնականում անցավ տանտերերի առավելությամբ, ովքեր մի քանի անգամ կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Բենջամին Մենդին և Ռահիմ Սթերլինգը։
«Ազնվականների» կազմից էլ աչքի ընկնելուն մոտ էր Հակիմ Զիեշը, սակայն 43-րդ րոպեին մարոկկացի կիսապաշտպանի կատարած հարվածից հետո «Սիթիին» փրկեց դարպասապահ Էդերսոնը։
44-րդ րոպեին, ի վերջո, խաղի հաշիվը բացվեց, իսկ գոլի հեղինակ դարձավ Ռահիմ Սթերլինգը՝ առաջ մղելով մանկունյական ակումբին։
Առաջին կեսում Թոմաս Տուխելի թիմի անհաջողոություններն այդքանով չավարտվեցին, քանի որ 45+2-րդ րոպեին Բիլի Գիլմուրը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը 11-մետրանոց հարված նշանակեց լոնդոնյան ակումբի դարպասին։
Նշակետին մոտեցավ Սերխիո Ագուերոն, սակայն արգենտինացի հարձակվողի հարվածից հետո Էդուարդ Մենդին փրկեց «Չելսիին»։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսն ակտիվ մեկնարկեցին հյուրերը։ 50-րդ րոպեին աչքի ընկնելու լավ հնարավորություն ուներ Տիմո Վերները, սակայն նրա հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ստացվեց։
«Չելսիի» ֆուտբոլիստների առավելությունը 61-րդ րոպեին տվեց իր պտուղները, քանի որ Հակիմ Զիեշի ջանքերով լուսատախտակին վառվեց 1։1 հաշիվը։
Լոնդոնցիների հեղինակած գոլից հետո հանդիպումը մասամբ հանդարտվեց, իսկ կողմերի գրոհները չէին հասնում վերջնական հարվածի։
Թվում էր՝ կողմերը կիսելու են միավորը, սակայն իրադարձությունների այդ սցենարի հետ համաձայն չէին «Չելսիի» ֆուտբոլիստները, ովքեր 90+2-րդ րոպեին հաղթանակ կորզեցին։ Տիմո Վերների՝ հարձակման աջ եզրից կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մարկոս Ալոնսոն՝ շոկի ենթարկելով Պեպ Գվարդիոլայի թիմին։
Այսպիսով, «Չելսին» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթին»՝ զրկելով վերջինիս ժամանակից շուտ չեմպիոնական տիտղոսն ամրագրելու հնարավորությունից։
Այս հաղթանակից հետո «ազնվականները» վաստակեցին 64 միավոր, շրջանցեցին «Լեսթերն» և բարձրացան 3-րդ հորիզոնական։
«Քաղաքաբնակներն» էլ մնացին 80 միավորով և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցելով 13 միավոր, որը, սակայն, համաքաղաքացիների համեմատ 2 հանդիպում դեռևս պակաս է անցկացրել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էդուարդ Մենդի, Թոմաս ՏՈւխել, Հակիմ-Զիեշ, Մանչեսթեր-Սիթի, Մարկոս ԱԼոնսո, Չելսի, Պեպ Գվարդիոլա, Ռահիմ-Սթերլինգ, Սերխիո-Ագուերո, Տիմո Վերներ