Չալհանօղլու. «Ինտերը շատ ավելի ուժեղ է, քան Միլանը»
«Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն Tivibu Spor-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Միլանից» հեռանալու պատճառների, Զլատան Իբրահիմովիչի և 2021/22 մրցաշրջանում չեմպիոնական պայքարը տանուլ տալու մասին.
«Դժվար էր «Միլանից» հեռանալը, սակայն ես շատ էի աշխատում և հասկանում էի, որ վաստակել եմ Իտալիայի գործող չեմպիոնի շարքերը համալրելը։
Այնուհետև, երբ այն ակումբը, որին ես միացա, չնվաճեց «Սկուդետտոն», իսկ իմ հին ակումբը դարձավ չեմպիոն, մարդիկ իրենց սկսեցին պահել այնպես, կարծես դա իմ մեղքով էր։
Այնուամենայնիվ, ես շատ երջանիկ եմ «Ինտերում», և երկրպագուների աջակցությունն ինձ օգնում է։
Ես «Միլանում» խաղացել եմ չորս տարի, սակայն ոչ մի երկրպագու երբեք չի վանկարկել իմ անունը տրիբունաներում, մինչդեռ «Ինտերում» դա տեղի է ունենում ամեն անգամ, երբ ես պարզապես նախավարժանքի եմ դուրս գալիս։
Իբրահիմովիչը նման արարքներ անելու համար բավական ծեր է արդեն։ Նա 40 տարեկան է, ոչ թե` 18 (Խմբ.` խոսքն այն մասին է, որ Զլատանն աջակցել է Չալհանօղլուին նվիրված «Միլանի» երկրպագուների իրականացրած ծաղրական ակցիաներից մեկը, երբ նրանք պարզել են թուրք ֆուտբոլիստի տեսքով տիկնիկներ)։
Իբրահիմովիչը սիրում է մշտապես լինել ուշադրության կենտրոնում։ Նա այս մրցաշրջանում, մեծ հաշվով, լուրջ ներդրում չի ունեցել Սկուդետտոյի նվաճման հարցում, քանի որ գրեթե չէր խաղում, բայց, ամեն դեպքում, անում է ամեն ինչ` ուշադրության կենտրոնում լինելու համար:
Դրան զուգահեռ, նա այն մարդկանցից է, ով մշտապեզ զանգահարում է ինձ` ընթրելու կամ էլ քաղաքում մոտոցիկլետով շրջելու համար։
Զլատանը նաև իմ մասին գրել է իր գրքում. Նա պետք է ինչ-որ բան գրեր, այլապես դրանք անիմաստ էջեր կլինեին:
«Ինտերը» շատ ավելի ուժեղ է, քան «Միլանը»։ Մենք պարտվեցինք դերբիում, որը հանկարծակի փոխվեց 75-րդ րոպեից, երբ ես ու Իվան Պերիշիչը փոխարինվեցինք:
Մենք հաղթում էինք 1:0, իսկ հետո պարտվեցինք 1:2 հաշվով։ Մարզիչը նպաստեց այդ պարտությանը, և ես նույնն ասել եմ նաև նրան»,- թուրք ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Զլատան-Իբրահիմովիչ, Ինտեր, Իվան Պերիշիչ, Հական Չալհանօղլու, Միլան, Սիմոնե Ինձզագի