ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Կարաբախի» մամուլի խոսնակին
ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի աշխատակից Նուրլան Իբրահիմովին, իսկ ակումբին տուգանել է 100000 եվրոյով։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
2020 թվականի հոկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք էր հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես ադրբեջանական «Կարաբաղ» ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին, այնպես էլ ակումբին։ ՀՖՖ-ն նաև վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ:
ՈՒԵՖԱ Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը այսօր որոշում է կայացրել ցմահ արգելել վերոնշյալ աշխատակցին զբաղվել ֆուտբոլի հետ կապված որևէ գործունեությամբ` սկսած կասեցման օրվանից (2020 թ. նոյեմբերի 3-ից), պահանջել ՖԻՖԱ-ից ընդլայնել վերը նշված ցմահ արգելքը ամբողջ աշխարհում, իսկ ադրբեջանական ակումբին տուգանել 100,000 եվրոյով։
Հիշեցնենք, որ Իբրահիմովը հոկտեմբերին արցախա-ադրբեջանական պատերազմի ընթացքում բոլոր հայերին սպանելու կոչ էր արել, մասնավորապես Facebook-ի իր օգտահաշվում կատարել էր հետևյալ գրառումը․
«Մենք առանց խտրականության պետք է սպանենք բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին։ Ոչ մի խղճահարություն և կարեկցանք։ Եթե մենք չսպանենք, ապա նրանք կսպանեն մեզ և մեր երեխաներին։ Ինչ էլ որ պատահի, նրանք դա անում են արդեն 120 տարի։
Պետք է վերականգնել «Դիֆաին» (խմբ․՝ գաղտնի հակաահաբեկչական կազմակերպություն, որը ստեղծվել է Գյանջայում 1905 թվականին։ Այդ կազմակերպությունը պայքարել է հայկական «Դաշնակցություն» կուսակցության դեմ), ինչպես նաև կազմավորել մահապարտների ջոկատ։ Դուք չեք կարող օրինականորեն խոսել նրանց հետ։ Թուրքիան քանի անգամ փորձել է, սակայն չի հաջողվել։ Վերջապես հասկացան, երբ սկսեցին իրենց լեզվով խոսել։ Նրանց պետք է սպանել, որպեսզի չհամարձակվեն հարվածներ հասցնել Բարդային, Գյանջային, ինչպես նաև մեր այլ տարածքների վրա։ Նրանք պետք է իմանան, որ եթե սպանեն մեզնից մեկին, ապա մենք կսպանենք նրանցից հարյուրին։ Մենք պետք սպանենք։
Այն ծնողի կրակը, որը երախ է հուղարկավորել Գյանջայում կամ Բարդայում, չի կարող մարվել՝ համամատվելով նրա վշտի հետ։ Մինչև վերջին մարդը պետք է սպանենք․․․ մինչև վերջին»։
Հետագայում նա այս գրառումը հեռացրել էր էջից, սակայն դա չէր վրիպել ԶԼՄ-ների և իրավապահ մարմինների աչքից։
# Կարաբախ, Հայաստան vs Ադբրեջան, Նուրլան Իբրահիմով, ՈւԵՖԱ