ՈՒԵՖԱ-ն ցանկանում է  ընդլայնել Եվրոպայի առաջնության մասնակիցների թիվը

ՈՒԵՖԱ-ն ցանկանում է ընդլայնել Եվրոպայի առաջնության մասնակիցների թիվը

09/03/2022 - 16:12

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է կրկին ընդլայնել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակից հավաքականների թիվը։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ՈՒԵՖԱ-ն մտադիր է Եվրոների մասնակիցների քանակը 24-ից հասցնել 32-ի։

Այդուհանդերձ, Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի նախագահ Մահետա Մոլանգոն դեմ է արտահայտվել այդ գաղափարին։

Ըստ նրա ՝ նման որոշումը կգցի մրցաշարի որակը, ինչից կտուժեն ինչպես խաղացողները, այնպես էլ երկրպագուները։

«Դա պարզապես կգցի մրցաշարի որակը: Երեխաներն իրենց կուռքերին լավագույն մարզավիճակով չեն տեսնի։ Այո, ընդլայնումից, հնարավոր է, հասնել կարճաժամկետ ֆինանսական հաջողության, բայց երկարաժամկետ հեռանկարում մենք կգցենք մրցաշարի որակը։

Մենք մտահոգված ենք, որ նման որոշումների կայացման մասին ֆուտբոլիստներն իմանում են միայն վերջում։ Ցավոք, համակարգը կառուցված է այնպես, որ նրանք շատ բաներ իմանում են այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն կա՛մ որոշված է լինում կա՛մ էլ վճռված։

Մենք Մանչեսթերում հանդիպել ենք ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի և Արսեն Վենգերի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Պրեմիեր լիգայի բոլոր թիմերի ավագները և այլ խաղացողներ։ Կարծում եմ՝ այժմ մենք ՈւԵՖԱ-ի հետ քննարկելու շատ բան ունենք։

Եվրո-2020-ին մասնակցած ֆուտբոլիստների մեկ երրորդը հանդես է գալիս Անգլիայում։ Մենք ակնկալում ենք, որ նրանք շատ ավելի կարևոր դեր կունենան այս քննարկումների և որոշումների ընդունման ժամանակ»,- ասել է Մոլանգոն:

Հիշեցնենք` դեռ 2008 թ. ՈՒԵՖԱ-ի այն ժամակվա նախագահ Միշել Պլատինիի և կազմակերպության բոլոր անդամ-երկրների որոշմամբ, Եվրո-2016-ից սկսած, 16-ի փոխարեն, մրցաշարին մասնակցում են 24 հավաքականներ։

հավելենք, որ ՈՒԵՖԱ-ն մտադիր է Եվրոպայի առաջնությունները 32 հավաքականով անցկացնել Եվրո-2028-ից սկսած, որը, ըստ տարբեր աղբյուրների, ամենայն հավանականությամբ, անցկացվելու է Մեծ Բրիտանիայում` Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023