ՈՒԵՖԱ-ն մտադիր է ստեղծել ակումբային նոր մրցաշար
ՈՒԵՖԱ-ն ծրագրում է ստեղծել ակումբային նոր մրցաշար։
Ինչպես տեղեկացնում է L’Équipe-ը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը ցանկանում է նոր մրցաշարն անցկացնել 2024 թ. ամառվանից, որը լինելու է «չորսի եզրափակիչի» ձևաչափով։
Աղբյուրի փոխանցմամբ` սպասվում է, որ մրցաշարին միանշանակ մասնակցելու է Չեմպիոնների լիգայի տվյալ պահի գործող հաղթողը, իսկ թե ինչ հիմքով են ընտրվելու մյուս մասնակիցները, դեռևս պարզ չէ։
Հաղորդվում է` մեծ է հավանականությունը, որ եթե այդ մրցաշարը կյանքի կոչվի, ապա Չեմպիոնների լիգայի հաղթողն այլևս չի մասնակցի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը, իսկ այն կխաղարկեն Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի հաղթողները։
Նշվում է, որ մրցաշարը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի ԱՄՆ-ում՝ 2024 թվականից նոր ձևաչափով մեկնարկող Չեմպիոնների Լիգայի առաջխաղացման նպատակով, որը նաև զգալի ֆինանսական եկամուտ կապահովի մրցող կողմերի համար։
Հավելենք, որ «չորսի եզրափակիչի» ձևաչափը կիրառվում է մի շարք սպորտաձևերում, ինչպես, օրինակ, բասկետբոլում, ֆուտզալում և հանդբոլում։
Այդ սպորտաձևերի եվրագավաթային մրցաշարերի լավագույն չորս ակումբները կիսաեզրափակիչները, երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումներն անցկացնում են նախօրոք որոշված որևէ չեզոք քաղաքում, իսկ դիմակայությունները բաղկացած են լինում մեկ խաղից։ Հանդիպումները, սովարաբար, անցկացվում են նույն մարզական համալիրում։
Կարելի է ասել` Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկությունն անցկացվեց «չորսի եզրափակիչի» (խմբ.` տվյալ դեպքում «ութի եզրափակիչ») ձևաչափով, երբ, մրցաշարի 1/4 եզրափակիչից սկսած, բոլոր հանդիպումները կայացան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Կոնֆերենցիաների լիգա, ՈւԵՖԱ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Չեմպիոնների-լիգա