Ոչ պաշտոնական օրհներգը՝ ոգեշնչման աղբյուր. Ինչո՞ւ է «Muchachos» երգն այդքան կարևոր արգենտինացիների համար🎥
Եթե դուք դիտել եք Արգենտինայի հանդիպումները, ապա անհնար է՝ լսած չլինեք նրանց ոչ պաշտոնական հիմնը, որը սիրվել է ոչ միայն երկրպագուների, այլև հենց նրանց՝ արգենտինացի ֆուտբոլիստների կողմից։
«Muchachos, ahora nos volvimos a ilusionar» ․ ահա երգի հիմնական հատվածը, որը թարգմանաբար նշանակում է՝ «տղանե՛ր, մենք նորից հնարավորություն ունենք»։ Երգ, որը ծնվեց երկրպագուներից ու դարձավ լսելի գրեթե բոլորի համար։
Երգը Բուենոս Այրեսի La Mosca խմբի 2003 թվականի Muchachos մեղեդու հարմարեցված տարբերակն է: Այն «ալբիսելեստեի» ոգեշնչման աղբյուրներից մեկն էր ավարտված աշխարհի առաջնության ընթացքում։
30-ամյա Ռոմերոն եղել է այն մարդը, ով գրել է ազգային թիմի «հիմնը», երբ նրանք Կոպա Ամերիկայի եզրափակիչում հաղթեցին Բրազիլիային «Մարականա» մարզադաշտում կայացած՝ վերջ տալով ոսկե մեդալների 28-ամյա սպասումին:
Ռոմերոն հույս ուներ երգը հեռարձակել մի խումբ ընկերների հետ Բուենոս Այրեսի Estadio Monumental մարզադաշտում, երբ Արգենտինան հանդիպեց Բոլիվիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում, բայց նրանք չկարողացան, իսկ փոխարեն երգեցին այն մարզադաշտից դուրս, որտեղ TyC Sports- ի հեռուստատեսային խումբը նկատել է նրանց և սկսել նկարահանել:
Երգն ունի ոգեշնչող սկիզբ․ «Ես ծնվել եմ Արգենտինայում՝ Դիեգոյի և Լիոնելի երկրում՝ Ֆոլկլենդյան կղզիների երեխաներից, որոնց ես երբեք չեմ մոռանա»։ Ռոմերոյի կատարումը կայծակնային արագությամբ տարածվեց։
«Ես ուզում էի երգ ստեղծել, որը մի կողմ կթողնի Մեսսիի և Մարադոնայի միջև այսքան ժամանակ գոյություն ունեցող մշտական համեմատությունն ու մրցակցությունը։ Նրանք երկուսն էլ մերն են»,- բացատրել է Ռոմերոն։
Երգը, որը գրվել է երկրպագուի կողմից, պարունակում է հիշատակումներ ֆուտբոլի մեծագույնների՝ Դիեգո Արմանդո Մարադոնայի և Լիոնել Մեսսիի մասին։ Երգում հիշատակվում է մրցակից Բրազիլիան, և հարգանքի տուրք է մատուցվում Ֆոլկլենդյան կղզիների պատերազմում կռված արգենտինացի զինվորներին: Արգենտինան պարտվեց Մեծ Բրիտանիայի դեմ կարճատև, բայց արյունալի պատերազմում, այն բանից հետո, երբ արգենտինական զորքերը 1982 թվականին ներխուժեցին Հարավային Ատլանտյան արշիպելագ:
«Տղե՛րք, հիմա մենք նորից հույսեր ենք կապում, ես ուզում եմ հաղթել երրորդը, ուզում եմ աշխարհի չեմպիոն դառնալ»։
«Երբ մենք քնում ենք, երբ արթուն ենք, երբ ուտում ենք, երբ սիրով ենք զբաղվում, մենք լսում ենք այս երգը»,- ասում է Ֆլորենսիա Մոնկալվիլոն՝ 34-ամյա երկրպագու, ով քայլում էր Դոհայի ամենահայտնի Souq Waqif շուկայի լաբիրինթոսային ծառուղիներով։
Երգի ամենահուզիչ մասերից մեկում Ռոմերոն գրել է, որ «երկնքից մենք կարող ենք տեսնել Դիեգոյին, Դոն Դիեգոյի և Լա Տոտայի (Մարադոնայի ծնողները) հետ, որոնք ոգեշնչում են Մեսսիին՝ աշխարհի չեմպիոն դառնալու համար»։
Երգը նաև վկայակոչում է թիմի ավագի՝ Մեսսիի հետ մի քանի եզրափակիչներում պարտվելու, սպորտային հպարտության և Քաթարում աշխարհի գավաթը նվաճելու մասին, ինչն արդեն իրականությում է դարձել` մրցաշարի եզրափակիչում Ֆրանսիային հաղթելու շնորհիվ։
Բուենոս Այրեսի բնակիչ Մարտին Մոնտալտոն Al Jazeera-ին ասել է, որ յուրաքանչյուր արգենտինացի գիտի այդ երգը։ «Այն ինձ այնքան է հուզում. երբ լսում եմ, ես լալիս եմ»,- ասում է 23-ամյա երիտասարդը:
«Մարզադաշտում էներգիան խելահեղ մակարդակի է հասնում, երբ մարդիկ սկսում են երգել «Muchachos»-ը: Դու գրեթե լաց ես լինում… բայց ուրախ արցունքներով»:
Այս տարվա սկզբին Մեսսին ասել է, որ դա իր ֆուտբոլային ամենասիրելի երգն է, իսկ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ նա երգում է «Muchachos»-ից մի հատված։
«Muchachos»-ի օրիգինալ տարբերակը կատարում է La Mosca խուբը, որը Youtube-ունի արդեն 15 մլն դիտում։
Այժմ Արգենտինան աշխարհի եռակի չեմպիոն է, իսկ Բուենոս Այրեսի փողոցներ դուրս եկած 5 մլն բնակչության մեծ մասն այդ երգն արդեն անգիր գիտի։ Այն միանշանակ կատարեց իր առաքելությունն` դառնալով «ալբիսելեստեի» ոչ պաշտոնական օրհենրգը։
Սամվել Մխիթարյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Interfootball, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2021, Մունդիալ-2022, Սամվել Մխիթարյան, վերլուծություն, Քաթար-2022