Դրամա Բուխարեստում! Շվեյցարիան ֆանտաստիկ Comeback արեց ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ🎥
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը Բուխարեստի «Արենա Նացիոնալե» մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի ընտրանու դեմ։
Հանդիպումն անչափ անսպասելի մեկնարկեց, քանի որ շվեյցարացիները 15-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Սվեն Ցուբերի` ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Հարիս Սեֆերովիչը։
Բաց թողած գոլը կարծես սառը ցնցուղ լիներ աշխարհի գործող չեմպիոնների համար, ովքեր նախքան ընդմիջման գնալը ոչ մի կերպ չկարողացան ուշքի գալ և այդպես էլ որևէ իրական գոլային պահ չստեղծեցին։
Միայն հիշատակման են արժանի Ադրիեն Ռաբիոյի և Կիլիան Մբապեի կատարած հեռահար հարվածները, որոնք շեղ ստացվեցին, իսկ կողմերն ընդմիջման գնացին Վլադիմիր Պետկովիչի սաների նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկն էլ «եռագույնների» համար բացարձակ հուսադրող չէր, քանի որ 55-րդ րոպեին Բենջամեն Պավարը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Սվեն Ցուբերի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Ֆերնանդո Ռապալինին գնաց դիտեց դրվագի տեսակրկնապատկերը և 11-մետրանոց հարված նշանակեց ֆրանսիացիների դարպասին։
Գնդակին մոտեցավ Ռիկարդո Ռոդրիգեսը, սակայն նրա հարվածից հետո Ուգո Լյորիսը փրկեց իր թիմին։
Այդ դրվագը կարծես վերակենդանացրեց Դիդիե Դեշամի սաներին, ովքեր 57-րդ ու 59-րդ րոպեներին երկու հիասքանչ գրոհ անցկացրին, որոնց արդյունքում Կարիմ Բենզեման ոչ միայն հավսարաեցրեց հաշիվը, այլև առաջ մղեց Ֆրանսիային, իսկ ինքը դարձավ դուբլի հեղինակ։
Երկրորդ գոլից հետո խաղը հանդարտվեց, սակայն 75-րդ րոպեին Պոլ Պոգբան հեռահար հարվածով գլուխգործոց արարեց` հաշիվը դարձնելով 3:1։
Թվում էր` դա արդեն վերջն է, սակայն շվեյցարացիները համաձայն չէին այդ սցենարի հետ, ովքեր 81-րդ րոպեին Հարիս Սեֆերովիչի ջանքերով կրճատեցին հաշվի տարբերությունը։
Խփած գոլը Վլադիմիր Պետկովիչի սաներին թևեր տվեց, ովքեր սկսեցին ճնշել ֆրանսիացիներին ու 90-րդ րոպեին հավսարեցրին հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Մարիո Գավրանովիչը։
Խաղավերջում` 90+5-րդ րոպեին, Ֆրանսիայի հավաքականը քիչ մնաց թրիլլերային հաղթանակ կորզեր, սակայն Կինգսլի Կոմանի հարվածից հետո Յան Զոմերին օգնության հասավ դարպասաձողը։
Ամեն դեպքում, հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ առաջին խաղակեսը բավական ակտիվ մեկնարկեցին «եռագույնները»։ 95-րդ րոպեին աչքի ընկնելուն շատ մոտ էր Բենջամեն Պավարը, սակայն նպաստավոր դիրքից նրա կատարած հարվածից հետո Շվեյցարիային մեծ դժվարությամբ փրկեց Յան Զոմերը։
Այդ դրվագից հետո մի քանի փոխնիփոխ գրոհներ անցկացրին կողմերը, սակայն խաղը քիչ-քիչ հանդարտվեց, քանի որ սկսեց զգացնել տալ նաև ֆուտբոլիստների հոգնածությունը։
Լրացուցիչ երկրորդ խաղակեսում էլ Դեշամի սաներն ակտիվացան և փորձում էին հաղթանակ կորզել, որպեսզի բանը չհասներ 11-մետրանոցներին, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Կիլիան Մբապեն ու Օլիվիե Ժիրուն։
Ի վերջո, այս խաղում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերը հաղթողին որոշելու համար պետք է իրացնեին 11-մետրանոց հարվածներ, որի շրջանակում, որի շրջանակում ավելի դիպուկ գտնվեցին շվեյցարացիները։
Վճռորոշ դարձավ Կիլիան Մբապեի վրիպումը, ում հարվածից հետո հիանալի սեյվով իր թիմին փրկեց Յան Զոմերը։
Այսպիսով, Շվեյցարիայի հավաքականը նվաճեց Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Իսպանիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիդիե Դեշամ, ԵՎՐՈ-2020, Կարիմ-Բենզեմա, Հարիս Սեֆերովիչ, Մարիո Գավրանովիչ, Յան Զոմեր, Շվեյցարիայի հավաքական, Ուգո Լյորիս, Պոլ-Պոգբա, Ռիկարդո Ռոդրիգես, Վլադիմիր Պետկովիչ, Ֆրանսիայի հավաքական