Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ միանձնյա առաջատար
Հնդկաստանի Չենայ քաղաքում հուլիսի 28-ից մեկնարկել և ընթանում է շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան, որին մասնակցում են նաև Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները։
Հատկապես հիանալի է հանդես գալիս Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը հաղթանակներ է տոնել մեկնարկային բոլոր 6 տուրերում էլ։
6-րդ տուրում մեր ընտրանին համառ պայքարում 2.5-1.5 հաշվով հաղթեց Հնդկաստան-2 հավաքականին։
Հայաստանի հավաքականից հաղթանակներ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը միավորը կիսեց Սարին Նիհալիի հետ, իսկ առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը պարտվեց Դոմարաջու Գուկեշին։
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 12 միավոր և միանձյնա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Նշենք, որ օգոստոսի 4-ին օլիմպիադայում հանգստյան օր է, իսկ օգոստոսի 5-ին Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցելու է ԱՄՆ-ի ընտրանու դեմ, որը 11 միավորով 2-րդն է մրաշարային աղյուսակում։
Հավելենք, որ Հայաստանի կանանց հավաքականը 6-րդ տուրում նույնպես հաղթանակ է տոնել` 3.5-0.5 հաշվով առավելության հասնելով Անգլիայի նկատմամբ։
Կանանց հավաքականը, վաստակած 10 միավորով, 6-րդն է։ 7-րդ տուրում մեր շախմատիստուհիները մրցելու են Իսրայելի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Շախմատ