Նոթինգհեմ Ֆորեսթը հայտարարել է երեք տրանսֆերի մասին և մոտ է ևս մեկն ավարտին հասցնելուն
Անգլիական Պրեմիեր լիգայի նորեկ «Նոթինգհեմ Ֆորեսթն» անչափ ակտիվ տրանսֆերային քաղաքականություն է վարում` հայտարարելով ևս 3 գործարքների մասին։
Ինչպես տեղեկացնում է «անտառապահների» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Վոթֆորդի» հարձակվող Էմանուել Դենիսին` գործարքի դիմաց վճարելով 14 մլն եվրո։
«Ֆորեսթը» նիգերիացի ֆուտբոլիստի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Ակումբը 9 մլն եվրոյի դիմաց գնել է «Ատալանտայի» կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերին, ում հետ կնքված պայմանագրի մանարամասները չեն հաղորդվում։
Բացի վերոնշյալ տրանսֆերներից, «կարմիրներն» ազատ գործակալի կարգավիճակով 2 տարվա պայմանագիր են կնքել «Քրիսթալ Փելասի» նախկին հենակետային կիսապաշտպան Շեյխու Կույատեի հետ։
Հատկանշական է, որ, ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների, «Նոթինգհեմ Ֆորեսթն» այսքանով չի պատրաստվում ավարտել գործունեությունը տրանսֆերային շուկայում և մոտ է ևս մեկ գործարք ավարտին հասցնելուն։
Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը «Լիոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Հուսեմ Աուարի մաիսն է, ում հետ «անտառապահները» մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել։
Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործարքը «Ֆորեսթի» համար արժենալու է մոտ 14 մլն եվրո։
Հաղորդվում է, որ Աուարին իր շարքերում է ցանկացել տեսնել նաև «Բետիսը», սակայն անդալուասական ակումբը հրաժարվել է ֆրանսիացի կիսապաշտպանին ձեռք բերելու մտքից, քանի որ, պայմանավորված Լա լիգայի ֆինանսական խիստ կանոնադրությամբ, չէր կարողանալու հայտավորել նրան։
Հավելենք, որ «Նոթինգհեմ Ֆորեսթն» ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացրել է արդեն 15 գործարք` ծախսելով 118.5 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Բետիս, Էմանուել Դենիս, Լիոն, Հուսեմ Աուար, Նոթինգհեմ Ֆորեսթ, Ռեմո Ֆրոյլեր, Վոթֆորդ, տրանսֆերներ