Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին, ով մեր երկիր է այցելել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Վարչապետը ողջունել է պարոն Ինֆանտինոյի այցը մեր երկիր և մասնակցությունը ՀՖՖ-ի 30-ամյակի միջոցառումներին, ինչը վկայում է ՖԻՖԱ-ՀՖՖ արդյունավետ համագործակցության մասին:
ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է մեր երկրով, հարուստ պատմությամբ ու մշակույթով:
Ջանի Ինֆանտինոն ընդգծել է սպորտ-կրթություն կապի նշանակությունը և նշել, որ ՖԻՖԱ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին` ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման և դրանով իսկ ոչ միայն մարզական, այլև կրթական ու սոցիալական համապատասխան միջավայրի ձևավորման ծրագրերում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ազգային մարզադաշտի կառուցման հարցին:
Վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ որոշակի աշխատանք է տարվում:
ՖԻՖԱ-ի նախագահն ընդգծել է նման կարգի ենթակառուցվածքի նշանակությունը երկրի մարզական հեղինակության տեսանկյունից և նշել, որ ՖԻՖԱ-ն իր գործիքակազմով հնարավորինս կաջակցի այդ գործընթացին:
Այս համատեքստում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է մինչ օրս կատարված աշխատանքները:
Երկուստեք վերահաստատվել է գործընկերության ամրապնդման պատրաստակամությունը և ընդգծվել է ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն, հանրահայտ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի կարևոր ներդրումն այդ գործում:
Ջանի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի անունից ՀՀ վարչապետին նվիրել է անվանական մարզաշապիկ և 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անվանական գնդակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ՀՖՖ, Նիկոլ Փաշինյան, Ջիանի Ինֆանտինո, ՖԻՖԱ