Նապոլին ծաղրել է Օսիմենին. ֆուտբոլիստի գործակալը սպառնացել է դատի տալ ակումբին🎥
«Նապոլիի» և ակումբի հարձակվող Վիկտոր Օսիմենի հարաբերությունները կտրուկ սրվել են։
Իտալական Ա սերիայի 5-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Բոլոնիայի» դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը
Հանդիպման 72-րդ րոպեին «աձուրիները» 11-մետրանոց վաստակեցին, որը, սակայն Օսիմենը չկարողացավ դիպուկ իրացնել։
86-րդ րոպեին «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան նիգերիացի հարձակվողի փոխարեն դաշտ դուրս բերեց Ջովանի Սիմեոնեին։
Փոփոխարինման պահին Օսիմենը խիստ դժվոհ էր և չկարողացավ թաքցնել իր զայրույթը։
Football Italia-ն տեղեկացնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը, նախքան պահեստայինների նստարանին տեղավորվելը, ֆրանսիացի մասնագետին հարցրել է, թե ինչո՞ւ չի անցել երկու հարձակվողով մարտավարությանը։
Հանդիպումից հետո Գարսիան խոսել է տեղի ունեցածի մասին.
«Նույնիսկ պատմության մեծագույն ֆուտբոլիստներն են վրիպել 11-մերանոցից։ Ինչ վերաբերում է փոփոխությանը, մենք խոսել ենք դրա մասին, սակայն այն, ինչ ես ասում եմ իմ խաղացողներին, մնում է հանդերձարանում»,- նշել է 59-ամյա ֆուտբոլիստը։
Աղբյուրի փոխանցմամբ` «Բոլոնիայի» դեմ կայացած հանդիպումից հետո Օսիմենի հետ լարված զրույց է ունեցել նաև «Նապոլիի» ավագ Ջովանի Դի Լորենցոն, ով հորդորել է նիգերիացի հարձակվողին հրապարակավ այդպես չխոսել գլխավոր մարզչի հետ։
Այդուհանդերձ, այսքանով ամեն ինչ չավարտվեց, քանի որ հանդիպումից հետո «Նապոլին», չգիտես` ինչու, որոշեց ծաղրել Վիկտոր Օսիմենին։
Բանն այն է, որ նեապոլիտանական ակումբի TikTok-ի պաշտոնական էջում տեղադրվել է Օսիմենի` «Բոլոնիայի» դեմ կայացած հանդիպման ժամանակ վրիպած 11-մետրանոցի տեսանյութը։
Տեսանյութը «աձուրիների» մամուլի ծառայությունը որոշ ժամանակ անց հեռացրել է TikTok-ի օգտահաշվից, սակայն այն հասցրել է տարածվել` բարձրացնելով մեծ աղմուկ։
Տեսանյութով հասցրել է կիսվել նաև ֆուտբոլային գլխավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այդ ամենից հետո Օսիմենի գործակալ Ռոբերտո Կալենդան X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել` կատարվածի առթիվ սպառնալով դատի տալ «Նապոլիին».
«Անընդունելի է այն, ինչ տեղի է ունեցել «Նապոլիի» TikTok-ի պաշտոնական էջում։ Այն տեսանյութը, որտեղ ծաղրում են Վիկտորին, ուշացումով է հեռացվել։
Սա լուրջ միջադեպ է, որն ահռելի վնաս է հասցնում ֆուտբոլիստի հեղինակությանը` նաև հնարավորություն տալով ԶԼՄ-ներին կեղծ լուրեր տարածել կատարվածի առիթվ։
Մենք իրավունք ենք վերապահում ձեռնարկել իրավական գործողություններ և ցանկացած համապատասխան միջոց` Վիկտորին պաշտպանելու համար»,- գրել է Կալենդան։
Այդ ամենից հետո Վիկտոր Օսիմենը վրդովմունքն արտահայտել է Instagram-ում և իր օգտահաշվից հեռացրել է «Նապոլիի» հետ կապված բոլոր լուսանկարները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բոլոնիա, Նապոլի, Ռոբերտո Կալենդա, Վիկտոր Օսիմեն