Նապոլին ընդհատեց Ինտերի հաղթարշավը🎥
Իտալական Ա սերիայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ «Նապոլին» ընդունեց առաջնության առաջատար «Ինտերին»։
Հանդիպման առաջին խաղակեսում միլանյան ակումբի ֆուտբոլիստների գրոհները շատ ավելի վտանգավոր էին ու սուր։ «Նապոլին» երկու անգամ փրկվեց դարպասաաձողի շնորհիվ, երբ հարվածեցին Քրիստիան Էրիկսենն ու Ռոմելու Լուկակուն։
Ջենարո Գատուզոյի սաներն էլ առաջին կեսում իրենց կատարած միակ դիպուկ հարվածից հետո բացեցին խաղի հաշիվը․ 36-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը։
Առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք․ կողմերն ընդմիջման գնացին «Նապոլիի» նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ Անտոնիո Կոնտիի թիմը շարունակում էր ճնշում գործադրել մրցակցի վրա և 55-րդ րոպեին, ի վերջո, հասավ իր նպատակին, քանի որ Քրիստիան Էրիկսենը հավասարեցրեց հաշիվը։
Բաց թողած գոլից հետո տանտերերը սկսեցին տիրել նախաձեռնությանը և մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցին միլանյան ակումբի դարպասի ուղղությամբ։ Մասնավորապես՝ աչքի ընկնելուն մոտ էին Ջիովանի Դի Լորենցոն և Մատեո Պոլիտանոն․ վերջինիս հարվածից հետո «կապտասևերին» փրկեց դարպասաձողը, իսկ Դի Լորենցոն շեղ հարվածեց։
Խաղավարտին մոտ հանդիպման տեմպը մի փոքր ընկավ, իսկ ակումբներն այլևս չցանկացան ռիսկի դիմել․ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։
Այսպիսով, «Նապոլին» ընդհատեց «Ինտերի» հաղթարշավը, որը բաղկացած էր 11 հանդիպումներից։
Այս ոչ-ոքիից հետո «ներաձուրիները» վաստակեցին 75 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն այժմ 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Միլանին» գերազանցում են 9 միավոր։
«Նապոլին» էլ 60 միավորով 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անտոնիո-Կոնտե, Ինտեր, Մատեո Պոլիտանո, Միլան, Նապոլի, Ջենարո Գատուզո, Սամիր Հանդանովիչ, Քրիստիան-Էրիկսեն