Նապոլին դիմացավ Բարսելոնայի հսկայական ճնշմանը 🎥

Նապոլին դիմացավ Բարսելոնայի հսկայական ճնշմանը 🎥

17/02/2022 - 23:45

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Նապոլիի» դեմ։

Կարելի է ասել` հանդիպումը մեկնարկել ու ընթանում էր կատալոնական ակումբի ֆուտբոլիստների առավելությամբ, սակայն առաջին իրական գոլային պահը ստեղծեցին հյուրերը։

22-րդ րոպեին աչքի ընկնելուն մոտ էր Վիկտոր Օսիմենը, սակայն նրա` մոտ տարածությունից կատարած հարվածից հետո «բլաուգրանային» փրկեց դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։

27-րդ րոպեին տանտերերը պատասխանեցին շատ ավելի վտանգավոր գոլային պահով, սակայն Ֆերրան Տորեսը վրիպեց անչափ նպաստավոր դիրքից` հարվածելով շեղ։

Այդ դրվագից հետո գործեց ֆուտբոլի չգրված գլխավոր օրենքը. «Չես խփում դու, խփում են քեզ»։

29-րդ րոպեին Լուչիանո Սպալետիի սաները կտրուկ գրոհ զարգացրին, որը եզրափակեց Պյոտր Զելինսկին` առաջ մղելով «Նապոլիին»։

Առաջին կեսում այլևս որևէ լուրջ իրադարձություններ տեղի չունեցան, իսկ կողմերն ընդմիջման գնացին նեապոլիտանական ակումբի նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ կեսի հենց մեկնարկից Խավիի թիմը նետվեց առաջ` հետ բերելու կորցրածն ու 59-րդ րոպեին վաստակեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Ֆերրան Տորեսն ու հավասարեց խաղի հաշիվը։

Խփած գոլից հետո էլ «կապտանռնագույններն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, սակայն տևական ժամանակ բանը չէր հասնում իրական գոլային պահերին։

Այդուհանդերձ, տանտերերը հանդիպման վերջին 10 րոպեների ընթացքում սկսեցին անհավանական ճնշում գործադրել «Նապոլիի» դարպասի ուղղությամբ, սակայն միայն Ֆերրան Տորեսը նվազագույնը 2-3 իրական գոլային պահ վատնեց։

Հիշատակման է արժանի նաև Լյուկ դե Յոնգի շրջադարձ հարվածը, սակայն այն շեղ ստացվեց։

Ի վերջո, «Նապոլիին» հաջողվեց դիմանալ այդ պաշարմանն ու հանդիպումն ավարտել 1:1 հաշվով։

Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023