Յուվեն դրամատիկ պայքարում հաղթեց Մոսկվայում․ Լոկոմոտիվ 1։2 Յուվենտուս?
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի շրջանակում«Յուվենտուսը» Մոսկվայում հյուրընկավել էր գնացել «Լոկոմոտիվին»։ Մաուրիցիո Սարրիի սաներին հաջողվեց լարված պայքարում 1։2 հաշվով հաղթանակ կորզել։
Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Աարոն Ռեմզին՝ օգտվելով Գիլերմեի կոպիտ սխալից։ «Լոմոկոտիվի» պատասխանը չուշացավ։ 12-րդ րոպեին հաշիվը վերականգնեց Ալեքսեյ Միրանչուկը։
Խաղի մնացած հատվածն անցավ բավականին լարված, միաժամանակ՝ հավասար պայքարում․ երկու թիմերն էլ ունեին մի շարք հնարավորություններ՝ հաշվի մեջ առաջ անցնելու համար, սակայն հիշատակման է արժանի երկու դրվագ, երբ 55-րդ րոպեին Ռոնալդուի հարվածից հետո հիանալի խաղաց տանտերերի դարպասապահ Գիլերմեն, իսկ 77-րդ րոպեին Ժոաու Մարիուի հարվածից հետո գնդակը դատարկ դարպասից հեռացրեց «Յուվեի» պաշտպան Լեո Բոնուչչին։
81-րդ րոպեին Մաուրիցի Սարրին փոխարինեց Կրիշտիանու Ռոնալդուին, վերջինս չսեղմեց մարզչի ձեռքը՝ ցույց տալով իր դժգոհությունը։
Երբ թվում էր՝ հանդիպումը կավարտվի 1։1 հաշվով, Դուգլաս Կոստան ու Գոնսալո Իգուայինը դասագրքային գրոհ կազմակերպեցին, որը եզրափակեց հենց Կոստան՝ ծանրագույն հաղթանակ պարգևելով «Ծեր Սենյորային»։
«Յուվենտուսը» վաստակեց 10 միավոր և բարձրացավ D խմբի 1-ին հորիզոնական, իսկ «Լոկոն» մնաց 3 միավորով՝ գրեթե կորցնելով փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։
# Լոկոմոտիվ, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա