Յուվենտուսն ու Ռոման բանակցում են խոշոր տրանսֆերի շուրջ
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, հնարավոր է, կարիերան շարունակի «Յուվենտուսի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «բյանկոներիները» բավական լրջորեն հետաքրքրված են իտալացի կիսապաշտպանի ծառայություններով ու նրա տրանսֆերի հարցում բանակցություններ են վարում հռոմեական ակումբի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` թուրինյան ակումբն արդեն 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 23-ամյա ֆուտբոլիստի հետ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 4 մլն եվրո։
Նշվում է, որ «Յուվենտուսը» պատրաստ է 10 մլն եվրոյի դիմաց վարձակալել Ձանիոլոյին, իսկ կողմերի միջև կնքվելիք պայմանագրում պետք է ներառվի նաև պարտադիր գնման իրավունք, որի դիմաց էլ «ծեր սինյորան» կվճարի ևս 30-35 մլն եվրո։
Հաղորդվում է, որ «Ռոման» պատրաստ է բաժանվել Ձանիոլոյից, սակայն, եթե միայն նրա վաճառքից ստանա նվազագույնը 50 մլն եվրո։
Սպասվում է, որ կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն առաջիկա 48 ժամերի ընթացքում։
Հավելենք, որ Նիկոլո Ձանիոլոն «գայլերի» շարքերը համալրել է 2018 թ. հուլիսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 111 հանդիպում` դառնալով 22 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Նիկոլո-Ձանիոլո, Ռոմա, տրանսֆերներ