Յուվենտուսի չեմպիոնական ծրագրերը հետաձգվում են?
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Ուդինեզեին» և հաղթելու դեպքում առաջնության ավարտից 3 տուր առաջ կամրարգրեր հերթական չեմպիոնական տիտղոսը, սակայն անակնկալ արդյունք գրանցվեց։
Հանդիպման մեկնարկում կողմերը կարող էին փոխանակվել սեփական դարպասը գրաված գոլերով։ Դրվագներից մեկում Դանիլոն փորձում էր տուգանային հրապարակ եկած բարձր փոխանցումը, սակայն քիչ մնաց գնդակն անզգուշաբար ուղարկեր սեփական դարպասը․ այն դիպավ դարպասաձողին, իսկ տանտերերի պաշտպան Բրամ Նեյտնիկը հետ փոխանցում էր կատարում դարպասապահ Խուան Մուսոյին, սակայն դարպասապահը վերջին պահին սայթաքեց։ Բարեբախտաբար, գնդակը դուրս եկավ դաշտի դիմային գծից։
Այդ դրվագում նշանակվեծ անկյունային հարված, որի խաղարկումից հետո թուրինյան ակումբի գրոհը երկրորդ տեմպ ստացավ, ինչից հետո Պաուլո Դիբալան փորձեց հեռահար հարվածով բացել խաղի հաշիվը, սակայն Մուսոն հիանալի սեյվի հեղինակ դարձավ։
26-րդ րոպեին էլ աչքի ընկնելու լավ հնարավորություն ուներ Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն պորտուգալացի ֆուտբոլիստի հեռահար հարվածը մի փոքր շեղ ստացվեց։
41-րդ րոպեին, ի վերջո, «Յուվեի» ֆուտբոլիստներին հաջողվեց բացել խաղի հաշիվը։ Ադրիեն Ռաբիոն ձախ եզրից փորձեց գնդակը «կախել» մրցակցի տուգանային հրապարակի վրա, սակայն պաշտպանները հեռացրին գնդակը, ինչից հետո այն հայտնվեց Մաթիաս դե Լիխտի մոտ, ով մի փոքր շարժվեց առաջ և աջ ոտքի շեշտակի հեռահար հարվածով բացեց հաշիվը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։
Երկրորդ խաղակեսում Ուդինեն ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները կարողացան բեկել հանդիպման ընթացքը։ 52-րդ րոպեին Կեն Սեմայի ձախ եզրից կատարած երկար փոխանցումից հետո Իլյա Նեստերովսկին գլխի հիանալի հարվածով խոցեց մրցակցի դարպասը։
Բաց թողած գոլից հետո թուրինյան ակումբի ֆուտբոլիստները նետվեցին առաջ, որպեսզի հաղթանակ կորզեն և նվաճեն չեմպիոնական տիտղոսը, սակայն այսօր «ծեր սենյորայի» ֆուտբոլիստների օրը չէր, քանի որ ամեն անգամ նպաստավոր դիրքերից անչափ վատ էին հարվածում։
«Ուդինեզեն», որին միավորներ էին անհրաժեշտ տեղն Ա սերիայում պահպանելու համար, հանդիպման վերջին րոպեներին նետվեց հակագրոհի։ 90+2-րդ րոպեին Տանտերերի կիսապաշտպան Սեկո Ֆոֆանան սեփական տուգանային հրապարակում ստացավ գնդակը, մոտացավ դեպի մրցակցի տուգանային հրապարակ և հաղթանակ պարգևեց իր թիմին՝ ճանապարհին էլ հաղթող դուրս գալով մրցակից երեք պաշտպանների հետ մենապայքարում։
Այսպիսով, «Յուվենտուսը» ձեռքից բաց թողեց ժամանակից շուտ չեմպիոն դառնալու հնարավորությունը և մնաց 80 միավորով։ Թուրինյան ակումբը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով մոտակա հետապնդող «Ատալանտային»։ «Ծեր սենյորային» չեմպիոն դառնալու համար հաջորդ 3 խաղերում անհրաժեշտ է վաստակել 3 միավոր։
«Ուդինեզեն» էլ իր հերթին վաստակեց 39 միավոր, շրջանցեց «Տորինոյին» և բարձրացավ 15-րդ հորիզոնական՝ գրեթե ապահովելով տեղն Ա սերիյաում։ Ակումբը 7 միավորով գերաազանցում է 18-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լեչչեին»։
# Ա-սերիա, Իլյա Նեստերովսկի, Մաթիաս դե Լիխտ, Յուվենտուս, Ուդինեզե, Սեկո Ֆոֆանա