Յուվենտուսը մոտ է ևս մեկ տրանսֆեր իրականացնելուն
«Բորուսիա Մյունխենգլադբախի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Յուվենտուսի» ու «Բորուսիայի» միջև բանակցությունները վերջնական փուլում են։
Քանի որ շվեյցարացի ֆուտբոլիսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է ազատ գործակալ, ու որպեսզի «Բորուսիան» Զաքարիային չկորցնի անվճար, ընդունել է «Յուվենտուսի» առաջարկը, որը պատրաստ է նրա տրանսֆերի դիմաց վճարել 5+2 մլն եվրո։
Հաղորդվում է, որ «բյանկոներիները» նաև անձնական պայմանագիր են համաձայնեցրել 25-ամյա ֆուտբոլիստի հետ, որը նախատեսված է լինելու մինչև 2026 թ. հունիսի 30-ը` տարեկան 2.5 մլն եվրո աշխատավարձով։
Սպասվում է, որ թուրինյան ակումբն առաջիկա ժամերին ավարտին կհասցնի այս գործարքը։
Մեկ այլ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հաստատում է, որ հունվարի 29-ի առավոտյան «Յուվեի» ու «Բորուսիայի» ներկայացուցիչները հանդիպում են ունեցել` քննարկելու Զաքարիայի տրանսֆերի վերջին մանրամասները։
Հատկանշական է, որ շվեյցարացի ֆուտբոլիստի գործարքի իրագործումը մեծապես կախված է նաև «Յուվենտուսի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրի ապագայից, ում տրանսֆերի հարցում թուրինյան ակումբը բանակցություններ է վարում «Աստոն Վիլլայի» ու «Տոտենհեմի» հետ։
Հավելենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին նաև «Բավարիան», «Բորուսիա Դորտմունդը», «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն այս ակումբներից որևէ մեկը չի ցանկացել ձմեռային տրասֆերային պատուհանի ժամանակ գնել Զաքարիայի տրանսֆերը։
Հավելենք, որ Դենիս Զաքարիան «Բորուսիա Մյունխենգլադբախի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, որի կազմում մինչ օրս անցկացրել է 146 հանդիպում` դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Դենիս Զաքարիա, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո