Յուվենտուսը միայն մեկ պայմանով Պյանիչին կվաճառի Բարսելոնային
«Յուվենտուսն» ու «Բարսելոնան» մոտ են փոխանակում իրականացնելուն։ Ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը, թուրինյան ակումբի մարզչական շտաբը լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Արթուրի ծառայություններով։
Կատալոնական ակումբն էլ իր հերթին փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ձեռք բերի «ծեր սենյորայի» կազմում հանդես եկող Միրալեմ Պյանիչին։ Եվ ահա, հայտնի է դարձել, որ «Յուվենտուսը» Պյանիչին բաց կթողնեն միայն այն դեպքում, եթե «Բարսելոնան» գործարքում ներառի նաև Արթուրի տրանսֆերը։
Նշվում է, «բյանկոներիների» ղեկավարությունը մտադիր չէ Պյանիչին փոխանակել մեկ այլ խաղացողի հետ, մասնավորապես Իվան Ռակիտիչի կամ Ուսման Դեմբելեի։
«Յուվենտուսի» մարզչական շտաբն անչափ գնահատում է Արթուրի խաղային որակները և կարծում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը կարող է լուծել ակումբի կիսապաշտպանության խնդիրները, քանի որ Բլեզ Մատուիդին արդեն երիտասարդ չէ, իսկ Ադիրեն Ռաբիոն ոչ մի կերպ չի արդարացնում մարզչական շտաբի սպասելիքները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արթուրը դեմ չէ համալրել թուրինյան ակումբի շարքերը, սակայն վերջերս նա հերքեց այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ ցանկանում է հանդես գալ «Բարսելոնայի» կազմում, իսկ Միրալեմ Պյանիչն իր հերթին կողմ է «Բարսելոնա» տեղափոխությանը։
# Արթուր, Բարսելոնա, Իվան Ռակիտիչ, Միրալեմ Պյանիչ, Յուվենտուս, Ուսման-Դեմբելե, տրանսֆերներ