Յուվենտուսը, հնարավոր է, հեռացվի եվրագավաթային մրցաշարերից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսից» ֆինանսական խարդախությունների պատճառով Ա սերիայի մրցաշարային աղյուսակում հանվել է 15 միավոր։
Ըստ La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների` ՈՒԵՖԱ-ն նույն գործի շրջանակում, հնարավոր է, թուրինյան ակումբին «ոչ սպորտային պահվածքի» համար հեռացնի նաև եվրագավաթային մրցաշարերից` կապված ակումբի ֆինանսական խախտումների գործի մեկ այլ ուղղության՝ աշխատավարձերի իրական չափը թաքցնելու հետ։
Եթե նման խախտումների փաստն ապացուցվի, ՈւԵՖԱ-ն կուսումնասիրի իրավիճակը՝ հաշվի առնելով ակումբի ֆինանսական նոր ցուցանիշները։
Նշենք, որ «բյանկոներիները» 2021 թ. ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու պատճառով տուգանվել են 3.5 մլն եվրո։
Այդ տուգանքի չափը կարող է ավելանալ մինչև 23 մլն եվրո, եթե առաջիկա 3 տարիներին ապացուցվի, որ «Յուվենտուսը» թույլ է տվել նմանատիպ այլ խախտումներ։
հաղորդվում է, որ պատժամիջոցների շրջանակում թուրինյան ակումբը, հնարավոր է, առաջիկայում մի քանի մրցաշրջանով զրկվի եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։
Հատկանշական է, որ այդ որակազրկումը կգործի միայն այն դեպքում, եթե «Յուվենտուսը» նվաճի եվրագավաթային մրցաշարերի ուղեգիր։
Եթե թուրինյան ակումբն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով Ա սերիայի շրջանակում չհայտնվի լավագույն յոթնյակում, ապա այդ պատժամիջոցն ուժի մեջ կմտնի, երբ «Յուվենտուսը» նվաճի եվրագավաթային որևէ մրցամարի ուղեգիր։
Հավելենք, որ Ա սերիայի շրջանակում «Յուվենտուսի» ակտիվում այժմ կա 22 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Եվրոպա-լիգա, Կոնֆերենցիաների լիգա, Յուվենտուս, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա