Յունայթեդն ու Լիվերպուլը հիանալի նվեր էին պատրաստել․ Կլոպի թիմի խնդիրները շարունակվում են🎥
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Լիվերպուլի» դեմ։
Հանդիպումը բավական դրամատիկ, գոլառատ ու դինամիկ պայքարում անցավ։ Երկու ակումբներն էլ բազմաթիվ գոլային պահեր ունեին, իսկ խաղն ավարտվեց մանկունյական ակումբի՝ 3։2 հաշվով հաղթանակով։
Խաղի հաշիվը բացեցին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները․ 18-րդ րոպեին աչքի ընկավ Մոհամեդ Սալահը։ Հաջորդ գոլն էլ երկար սպասեցնել չտվեց, և 28-րդ րոպեին Մեյսոն Գրինվուդը լուսատախտակին արդեն վառեց 1։1 հաշիվը։
Նախքան ընդմիջման գնալը Օլե-Գունար Սուլշերի սաները նաև կարող էին հաշվի մեջ առաջ անցնել, սակայն Լյուկ Շոուն ու Պոլ Պոգբան վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Այն, ինչ առաջին կեսի վերջնամասում չկարողացան անել «կարմիր սատանաները», արեցին հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում։ 48-րդ րոպեին Մեյսոն Գրինվուդը հիանալի փոխանցումով Մարկուս Ռեշֆորդին մեն-մենակ դուրս բերեց Ալիսոն Բեկերի դիմաց։ Անգլիացի հարձակվողն էլ առաջ մղեց արդեն «Յունայթեդին»՝ 2։1։
«Լիվերպուլն» էլ բաց թողած այդ գոլից հետո ուշքի եկավ և 58-րդ րոպեին խփեց պատասխան գնդակը, որը կրկին գրանցվեց Սալահի անվան դիմաց։
Խփած գոլից հետո էլ Յուրգեն Կլոպի թիմը փորձում էր զարգացնել հաջողությունը, սակայն «ՄՅՈՒ»-ի դարպասը պաշտպանող Դին Հենդերսոնը որոշ դրվագներում փրկեց իր թիմին, իսկ 78-րդ րոպեին տանտերերն անչափ նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեցին։ Գնդակին մոտեցավ Բրունո Ֆերնանդեշը, ով էլ շեշտակի հարվածով գրավեց դարպասի հեռավոր անկյունը։
Խաղավարտին «կարմիր սատանաներն» ավելի մոտ էին մեծացնել իրենց առավելությունը, քան «Լիվերպուլը»՝ խաղը փրկելուն։ 88-րդ րոպեին Էդինսոն Կավանին մոտ տարածությունից գլխի հարված կատարեց, ինչից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 3։2, ինչը նշանակում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Վեսթ Հեմի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Բրունո Ֆերնանդեշ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Մեյսոն Գրինվուդ, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Վեսթ Հեմ, Օլե-Գունար-Սուլշեր