Յունայթեդն ամենակարևոր պահին սայթաքում է?
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Սաութհեմպտոնի» դիմադրությունը։
Հանդիպման հաշիվը բացվեց բավականին արագ․ 12-րդ րոպեին Պոլ Պոգբան սեփական տուգանային հրապարակի մատույցներում անհասկանալի սխալ թույլ տվեց, ինչից հետո գնդակը հայտնվեց Նաթան Ռեդմոնդի մոտ, ով էլ բարձր փոխանցում կատարեց դեպի Ստյուարտ Արմստրոնգը, վերջինս էլ դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։
«Կարմիր սատանաներն» անչափ արագ արձագանքեցին «սրբերի» խփած գնդակին՝ երկու անգամ գրավելով մրցացկի դարպասը։ Նախ 20-րդ րոպեին Անտոնի Մարսիալը մրցակցի տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակում կարողացավ գնդակը հասցնել Մարկուս Ռեշֆորդին։ Անգլիացի հարձակվողն էլ հավասարեցրեց հաշիվը։
23-րդ րոպեին էլ Մարսիալը Բրունո Ֆերնանդեշից ձախ եզրում ստացավ գնդակը, մտավ մրցակցի տուգանային հրապարակ և աջ ոտի դիպուկ հարվածով գրավեց դարպասի մոտակա անկյունը՝ առաջ մղելով իր թիմին։
Խաղի մնացած ժամանակահատվածում էլ Օլե-Գունար Սուլշերի սաներն ավելի մոտ էին երրորդ գնդակը խփելուն, քան հյուրերը պատասխան գոլին, սակայն հանդիպման 70-75-րդ րոպեներից սկսած հանդիպման նախաձեռնությունն անցավ Ռալֆ Հազնհյութլի սաների ձեռքը։ 86-րդ րոպեին աչքի ընկնելու լավ հնարավորություն ուներ Նաթան Ռեդմոնդը, սակայն անգլիացի վինգերի կատարած հարվածի հետո Դավիդ դե Խեան փայլուն սեյվի հեղինակ դարձավ։
Հանդիպման 90-րդ րոպեին «Յունայթեդի» կազմում Յան Բեդնարեկի հետ բախման արդյուքնում վնասվածք ստացավ Բրենդոն Վիլիամսը, և քանի որ Սուլշերն օգտագործել էր փոփոխություններ կատարելու հնարավորությունները, «կարմիր սատանաները» խաղը շարունակեցին 10 ֆուտբոլիստներով։
Հանդիպման 90+7-րդ րոպեին «Սաութհեմպտոնի» ֆուտբոլիստները ձախ եզրում վաստակեցին անկյունային հարվածի իրավունք։ Գնդակին կրկին մոտեցավ Նաթան Ռեդմոնդը, ում բարձրից կատարած փոխանցումից հետո Յան Բեդնարեկը գնդակն ուղարկեց հեռավոր դարպասաձողի մոտ կանգնած Մայքլ Օբաֆեմիի ուղղությամբ, ով էլ ռմբահարեց Դե Խեայի պաշտպանած դարպասը՝ իր թիմի համար փրկելով 1 միավոր։
Այսպսիով, «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ օգտվել «Չելսիի» և «Լեսթերի» նվերներից՝ մնալով 5-րդ հորիզոնականում։ Սուլշերի սաները հաղթելու դեպքում միանգամից բարձրանում էին 3-րդ հորիզոնական։ Կարելի է ասել, որ երեկ պարզապես մանկունյական ակումբի ֆուտբոլիստների օրը չէր, քանի որ փաստացի հյուրերն աչքի ընկնելու երեք հնարավորություն ունեին, որոնցից երկուսն ավարտվեց գոլով, իսկ «Յունայթեդի» ֆուտբոլիստները նախքան հաշիվը բացվելն ունեին աչքի ընկնելու հնարավորություն, սակայն Անտոնի Մարսիալը դարպասապահի դիմաց մեն-մենակ հայտնվելուց հետո չէր կարողացել բացել խաղի հաշիվը։ Ամեն դեպքում, «Յունայթեդի» ֆուտբոլիստների մոտ նկատվում էր նաև հոգնածություն։
«Մանչեսթեր Յունայթեդը» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 59 միավոր, հավասարվեց «Լեսթերին», սակայն շարունակում է զբաղեցնել 5-րդ հորիզոնականը, քանի որ «աղվեսներն» ունեն ավելի լավ խփած և բաց թողած գնդակների հարաբերակցություն։ «Չելսին», որը 35-րդ տուրում նույնպես պարտվել էր, 60 միավորով երրորդն է, իսկ «Սաութհեմպտոնը» 45 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։
# Անտոնի Մարսիալ, ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Մայքլ Օբաֆեմի, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Նաթան Ռեդմոնդ, Ռալֆ Հազնհյութլ, Սաութհեմփթոն, Ստյուարտ Արմստրոնգ