Յունայթեդի ֆուտբոլիստների անհասկանալի գործողությունները պաշտպանվելիս🎥

Յունայթեդի ֆուտբոլիստների անհասկանալի գործողությունները պաշտպանվելիս🎥

05/11/2020 - 21:55

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Իստամբուլ Բաշակշեհիրին»։

Օլե-Գունար Սուլշերի սաները շարունակում են անբավարար արդյունքներ գրանցել և այս անգամ էլ պարտվեցին 2։1 հաշվով, սակայն այս պարագայում զարմանալին ոչ այնքան պարտությունն է (ո՞ր ակումբի հետ չի պատահում), որքան մանկունյանական ակումբի ֆուտբոլիստների անհասկանալի գործողությունները պաշտպանական օղակում։

Առաջին գոլը գրանցվեց 13-րդ րոպեին․ «Յունայթեդի» ֆուտբոլիստները անկյունային էին խաղարկում, որը մատնվեց անհաջողության, ինչից հետո սեփական տուգանային հրապարակում գտնվող Էդին Վիշչան մեկ հպումով երկար փոխանցում է կատարում և մեն-մենակ դուրս բերում Դեմբա Բային, ով նույնպես գտնվում էր սեփական կիսադաշտում․․․ թե ինչու էին հանդիպման 13-րդ րոպեին «Յունայթեդի» պաշտպաններն այդքան բարձր տեղակայվել խաղադաշտում, կարող են պատասխանել միայն իրենք և Սուլշերը։

Երկրորդ գոլը 40-րդ րոպեին խփեց արդեն Էդին Վիշչան։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Բրունո Ֆերնանդեշը դաշտի կենտրոնում անհաջող փոխանցում կատարեց դեպի Խուան Մատան, ով էլ ստիպված էր մի փոքր նահանջել, սակայն տանտերերի վինգեր Դենիզ Տուրուչը հիանալի պրեսինգի ենթարկեց և հարձակման ձախ թևից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց դեպի Դեմբա Բան, ով վարպետորեն գնդակը թողեց Վիշչային, վերջինս էլ գրավեց Դին Հենդերսոնի պաշտպանած դարպասը։

Խնդիրն այն է, որ «Յունայթեդի» միանգամից 4-5 ֆուտբոլիստներ կոտւակվել էին ձախ եզրում, իսկ պաշտպանության կենտրոնը թողել էին լրիվ ազատ։ Բոլորը մեկ մարդու նման սկսեցին վազել դեպի Տուրուչը, ով էլ փաստացի պատժեց այդպես պատշպանվելու համար։

Հ․Գ․ ներողություն ենք խնդրում թուրքերենով տեսանյութ տեղադրելու համար։ Համացանցում ավելի որակյալ տեսանյութ չգտանք այս գոլից։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023