Յոհան Կրոյֆի պատմությունն ու Բարսելոնայի լեգենդար Դրիմ թիմը

Յոհան Կրոյֆի պատմությունն ու Բարսելոնայի լեգենդար Դրիմ թիմը

13/03/2022 - 23:45

«Ֆուտբոլ խաղալը պարզ է, սակայն պարզ ֆուտբոլ խաղալն ամենաբարդն է»։

© Յոհան Կրոյֆ

«Բարսելոնայի» պատմությունը կարելի է բաժանել երկու փուլի.

1) Յոհան Կրոյֆից առաջ

2) Յոհան Կրոյֆից հետո

Երջանկահիշատակ Յոհան Կրոյֆը համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից է։ Մարդ,ով մինչ օրս արդիական է յուրաքանչյուր երկրպագուի համար։

Շնորհիվ ֆուտբոլի հանդեպ հեղափոխական գաղափարների` Կրոյֆը դարձավ հանճարեղ և անհաս փառքի հասավ թե՛ որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ և թե՛ որպես մարզիչ։

Միգուցե մեր օրերում անհավատալի թվա, սակայն երբ 1973/74 մրցաշրջանում Յոհան Կրոյֆը դարձավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, ակումբը 13 տարի շարունակ չէր կարողանում հաղթել Լա լիգան։

Այդ մրցաշրջանի մեկնարկը հաջող չէր «կապտանռնագույնները» համար. «բլաուգրանան» նույնիսկ հայտնվեց վտանգավոր գոտում, սակայն Կրոյֆը վերակենդանացրեց «Բարսելոնային», որը, ի վերջո, 8 միավորով առաջ անցնելով «Ատլետիկո Մադրիդից», դարձավ Լա լիգայի չեմպիոն։

«Բարսելոնայի» կազմում 5 տարի հանդես գալուց հետո Յոհան Կրոյֆը տեղափոխվեց Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլային լիգա` NASL։

Կրոյֆը նախ հանդես եկավ «Լոս Անջելես Ացտեկսի», ապա` «Վաշինգտոն Դիպլոմաթսի» կազմում, ինչից հետո վարձավճարով վերադարձավ Լա լիգա և տեղափոխվեց «Լևանտե», իսկ կարիերայի մայրամուտն անցկացրեց հայրենիքում։

1981-83 թթ. նա հանդես եկավ հարազատ «Այաքսի» կազմում, ինչից հետո շոկային որոշում կայացրեց և պայամանագիր կնքեց Ամստերդամը ներկայացնող ակումբի ոխերիմ թշնամի` «Ֆեյենորդի» հետ, որտեղ էլ 1984 թ. ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։

Այդուհանդերձ, «Նոու Կամի» գրավչությանը Կրոյֆն անկարող էր դիմադրել և 1988 թ. վերադարձավ «Բարսելոնա»` այս անգամ որպես գլխավոր մարզիչ։

«Բլաուգրանան» այդ ժամանակ կրկին խորը ճգնաժամի մեջ էր և վերջին 15 տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ էր կարողացել դառնալ Լա լիգայի չեմպիոն (1984/85 մրցաշրջան)։

Դրան զուգահեռ, «Ռեալ Մադրիդը» լեգենդար La Quinta del Buitre-ի` Մանոլո Սանչիսի, Ուգո Սանչեսի, Էմիլիո Բուտրագենիոյի և Միչելի գլխավորությամբ 1986-90 թթ. 5 անգամ անընդմեջ դարձեկ էր Լա լիգայի չեմպիոն։

Հոլանդացի մասնագետն անմիջապես անցավ գործի և թիմի խաղն սկսեց կառուցել Պեպ Գվարդիոլայի, Գիլերմե Ամորի, Անդոնի Սուբիսարետայի, Չիկի Բեգիրիստայնի, Միքայել Լաուդրուպի, Ռոնալդ Կումանի և Խրիստո Ստոյիչկովի շուրջ։

1990/91 մրցաշրջանում «Բարսելոնան» երկրորդ տուրում գլխավորեց մրցաշարային աղյուսակն ու մինչև վերջին տուրը չիջավ այնտեղից` 10 միավորով առաջ անցնելով «Ատլետիկո Մադրիդից» ու դառնալով Լա լիգայի չեմպիոն։

«Բարսելոնան» հաջորդ երեք մրցաշրջաններում նույնպես դարձավ Լա լիգայի չեմպիոն, սակայն դրանցից յուրաքանչյուրն ավելի դրամատիկ էր, քան նախորդը։

1991/92 մրցաշրջանի մեկնարկային 5 խաղերում «Բարսելոնան» կրեց 3 պարտություն, իսկ «Ռեալը» 8-րդից մինչև 37-րդ տուր գլխավորում էր մրցաշարային աղյուսակն ու վերջին տուրից առաջ 2 միավորի առավելություն ուներ «բլաուգրանայի» նկատմամբ։

Վերջին տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս մրցում էր մրցաշարային որևէ խնդիր չլուծող «Տեներիֆեի» դեմ, որը մարզում էր «արքայական» ակումբի նախկին հարձակվող Խորխե Վալդանոն։

«Ռեալն» այդ խաղում 28-րդ րոպեի դրությամբ Ֆերնանդո Յերոյի և Գեորգե Հաջիի խփած գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն հետագայում հաջողացրեց 3 գնդակ բաց թողնել` պարտվելով 2:3 հաշվով։

Այդ հանդիպմանը զուգահեռաբար «Բարսելոնան» Խրիստո Ստոյիչկովի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին», վաստակեց 55 միավոր (խմբ.` այն ժամանակ հաղթանակի համար տրվում էր 2 միավոր), շրջանցեց «Ռեալին» ու դարձավ Լա լիգայի չեմպիոն։

1992/93 մրցաշրջանում պատմությունը կրկնվեց։ «Ռեալը» վերջին տուրից առաջ 2 միավորի առավելություն ուներ «Բարսելոնայի» նկատմամբ և ճակատագրի հեգնանքով 38-րդ տուրում պետք է մրցեց նույն «Տեներիֆեի» դեմ։

«Արքայական» ակումբը կրկին պարտվեց «Տեներիֆենին»` այս անգամ 0:2 հաշվով, իսկ զուգահեռաբար Կրոյֆի «Բարսելոնան» 1:0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»` դառնալով Լա լիգայի չեմպիոն։

Այդուհանդերձ, 1993/94 մրցաշրջանի վերջնամասն ամենադրամատիկը ստացվեց։

«Դեպորտիվոն», որը պայքարում էր իր առաջին չեմպիոնական տիտղոսի համար ու 14-րդ տուրից սկսած գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, վերջին տուրում սեփական հարկի պետք է մրցեր «Վալենսիայի» դեմ։

«Դեպորը» վերջին տուրից առաջ 2 միավորով գերազանցում էր «Բարսելոնային» և պետք է նվազագույնը կրկներ կատալոնական ակումբի` «Սևիլիայի» դեմ խաղում գրանցած արդյունքը, որպեսզի հռչակվեր չեմպիոն, քանի որ հավասար միավորների դեպքում չեմպիոնական տիտղոսը կուղևորվեր «բլաուգրանայի» թանգարան։

«Բարսելոնան» իր խաղում 5:2 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ, իսկ «Դեպորտիվոն» չկարոցացավ կոտրել «Վալենսիայի» դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։

«Վալենսիայի» դեմ հանդիպման վերջնամասում Լա Կորնունիան ներկայացնող ակումբը 11-մետրանոց վաստակեց։

«Դեպորտիվոյի» հաստիքային 11-մետրանոց իրացնողը` Բեբետոն քանի որ նշակետից վրիպել էր նախորդ մի քանի անգամը, խնդրել էր, որպեսզի իրեն ազատեն հարվածներն իրացնելու պարտականությունից, այդ պատճառով էլ գնդակին մոտեցավ Միրոսլավ Ջուկիչը, ով վրպեց ու չկարողացավ իր թիմին պարգևել այդքան ցանկալի չեմպիոնական տիտղոսը։

«Բարսելոնան» ու «Դեպորտիվոն» վաստակեցին 56-ական միավոր, սակայն չեմպիոն դարձավ կատալոնական ակումբը, քանի որ անհատական խաղերում առավելություն ուներ «Դեպորի» նկատմամբ (0:1, 3:0)։

1992 թ. վերջնականապես ձևավորվեց ու հաստատվեց Յոհան Կրոյֆի Դրիմ թիմը։ Կատոլանական ակումբը 1991/92 մրցաշրջանում հասավ Եվրոպական չեմպիոննի գավաթի եզրափակիչ (խմբ.` ներկայիս Չեմպիոնների լիգան) ու լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց «Սամպդորիային», իսկ հաղթական գնդակը տուգանայինից կատարած հարվածով խփեց Ռոնալդ Կումանը` ակումբին պարգևելով առաջին միջազգային տիտղոսը։

Լա լիգայի 4 անընդմեջ և Եվրոպական չեմպիոնների գավաթի տիտղոսները «Բարսայի» պատմության ամենահաջող շրջաններից մեկն են, սակայն ամենաազդեցիկն ակումբի փիլիսոփայությունն ու խաղաոճն է։

Յոհան Կրոյֆը, ոգեշնչվելով «Այաքսից», իր գաղափարները ներդրեց Կատալոնիայի մայրաքաղաքում` սովորեցնելով ֆուտբոլիստներին գնդակը դաշտում տեղաշարժել ուրույն ձևով։

1996 թվականին գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո Կրոյֆը մնաց «Նոու Կամպում» և կարևոր որոշումների վերաբերյալ հաճախ խորհուրդներ էր տալիս տնօրեններին և մարզիչներին։

«Բարսելոնայի» այն մարզիչները, ովքեր հաղթել են Չեմպիոնների լիգան` Ֆրանկ Ռայկարդը, Պեպ Գվարդիոլիոլան, Լուիս Էնրիկեն ունեն ուղիղ և բովանդակալից կապ Յոհան Կրոյֆի հետ։

«Կրոյֆն այստեղ տաճար է կառուցել և մենք պետք է պահենք այն»,- նշել է Գվարդիոլան։

2016 թ. մարտի 24-ը ֆուտբոլային աշխահին մեծ հարված հասցրեց` 68 տարեկան հասակում մեզնից խլելով Յոհան Կրոյֆին, ով պայքարում էր քաղցկեղի դեմ։ Մինչ օրս էլ Կրոյֆի անունն ակնածանքով և մեծ հիացմունքով են հիշում բոլորը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023