Հայտնի է՝ որքան ժամանակով է Մատիպը շարքից դուրս եկել

Հայտնի է՝ որքան ժամանակով է Մատիպը շարքից դուրս եկել

02/02/2021 - 10:27

Այսօր՝ փետրվարի 2-ին, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ մերսիսայդյան ակումբի պաշտպան Ժոել Մատիպը չի կարողանա օգնել թիմին մինչև մրցաշրջանի ավարտ, քանի որ վնասել է կոճը։

«Ցավո՛ք, Ժոելը դուրս կմնա հայտացուցակից մինչև մրցաշրջանի ավարտ, սակայն նա պատրաստ կլինի հաջորդ մրցաշրջանի սկզբին, և ամեն ինչ իր տեղը կընկնի»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։

Հավելենք, որ «Լիերպուլն» ընթացիկ մրցաշրջանում կենտրոնական պաշտպանների լուրջ խնդիր ունի, քանի որ ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստներ Վիրջիլ վան Դեյկն ու Ջո Գոմեսը նույնպես ծանր վնասվածքներ են ստացել, այդ պատճառով էլ ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրն ակումբը միանգամից երկու կենտրոնական պաշտպան ձեռք բերեց։

Նախ «կարմիրները» 2․5 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեցին Չեմպիոնշիփը ներկայացնող «Պրեսթոնի» պաշտպան Բեն Դևիսին, ապա «Շալկեից», գնման իրավունքով, վարձակալեցին Օզան Կաբակին։

Անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը», անցկացրած 21 հանդիպումներից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 4 միավոր, իսկ երկրորդ հորիզոնականում գտնվող մանկունյական մյուս ակումբին՝ «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 1 միավոր։

Հատկանշական է, որ «քաղաքաբնակները» մեկ հանդիպում էլ պակաս են անցկացրել իրենց հիմնական մրցակիցների նկատմամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023