Մոուրինիո. «Մարդիկ կարծում են, թե անունս Ժոզե Հարի Մոուրինիո Փոթեր է»

Մոուրինիո. «Մարդիկ կարծում են, թե անունս Ժոզե Հարի Մոուրինիո Փոթեր է»

13/01/2024 - 16:42

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ «Ռոման» հյուրընկալվելիս կմրցի «Միլանի» դեմ։

«Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է կայանալիք հանդիպման մասին.

«Ընթացիկ մրցաշրջանում մենք երկու դժվար ժամանակահատված ենք ունեցել։ Առաջինը, երբ մրցաշրջանի մեկնարկային երեք խաղերում առաջնության շրջանակում կարող էինք վաստակել 9 միավոր, սակայն մեր ակտիվում կար ընդամենը 1-ը։ Այդ ժամանակ կորցրինք 8 միավոր, քանի որ իմ տրամադրության տակ ֆուտբոլիստներ չկային, իսկ այժմ Չեմպիոնների լիգայի գոտուց հետ ենք ընդամենը 4 միավորով։

Երկրորդն այն ժամանակահատվածն է, երբ բազում վնասվածքների առկայության պայմաններում միմյանց հետևից խաղում ենք «Ֆիորենտինայի», «Ատալանտայի», «Յուվեի», «Լացիոյի» և «Միլանի» դեմ։

Անարդար է, եթե ինչ-որ մեկը չի ցանկանում դա դժվարություն անվանել: Քննադատեք ում ուզում եք, բայց ներկայիս դժվարությունների մասին մոռանալը խելագարություն է։

Նույնիսկ «Կրեմոնեզեի» դեմ կայացած հաղթական հանդիպումը (2:1)… Ի՞նչ գնով հաղթեցինք։ Ի՞նչ պաշտպանական գծով։ Ի՞նչ կարևորություն ունի պաշտպանությունը ժամանակակից ֆուտբոլում։

Իրավիճակն անտեսելը սխալ է, և պետք է պաշտպանեմ իմ թիմին ու ասեմ, որ նրանք լուրջ մարդիկ են, ովքեր աշխատում են, երբ արդյունքները չեն համապատասխանում սպասելիքներին։

Մենք պարտվեցինք գավաթային դերբիում (0:1), սակայն պետք է շարունակենք պայքարել առաջնություն։

Մենք «Ռոման» ենք, որն ունի ամենաանհավանական երկրպագուները, որոնց երբևէ տեսել եմ։

Մարդիկ կարծում են, թե անունս Ժոզե Հարի Մոուրինիո Փոթեր է, ինչը բարձրացնում է պահանջների ու ակնկալիքների մակարդակը, բայց ճշմարտությունն այն է, որ մենք պայքարում ենք ինչ-որ դժվար բանի համար։

«Միլանի» դեմ խաղում, ինչպես միշտ, անմնացորդ կնիրվենք։ Ափսոս, որ ես լինելու եմ ոչ թե պահեստայինների նստարանին, այլ տրիբունայում, սակայն պետք է կատարեմ իմ աշխատանքը և վստահ եմ, որ ֆուտբոլիստները կներդնեն իրենց բոլոր ուժերը»,- Մոուրինիոյի խոսքերը մեջբերում է Sky Sport Italia-ն։

Հավելենք, որ «Միլան» – «Ռոմա» հանդիպումը կկայանա հունվարի 14-ին` Երևանի ժամանակով 23:45-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023