Դինամոյի 17-ամյա հայազգի կիսապաշտպանի հիանալի գոլն Ախմատի դարպասը 🎥
Գրեթե եռամսյա դադարից հետո վերսկսվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան, որի 20-րդ տուրի շրջանակում Մոկսվայի «Դինամոն» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Ախմատին»։
Մոսկովյան ակումբի հաղթանակը կերտողներից մեկը դարձել է 17-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։
Զախարյանը 7-րդ րոպեին հարձակման աջ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց, ինչից հետո տանտերերի պաշտպաններից Վիլկեր Անխելը ձեռքով խաղաց․ նշանակվեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Դանիլ Ֆոմինը՝ առաջ մղելով «Դինամոյին»։
37-րդ րոպեին աչքի ընկնելու հերթն արդեն Արսենինն էր։ Դանիլ Լեսովոյը հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Զախարյանին, վերջինս էլ չհապաղեց և մեկ հպումով խաղից դուրս թողեց «Ախմատի» պաշտպաններին՝ խառնաշփոթ իրավիճակում գրավելով մրակցի դարպասը։
Զախարյանն իր առաջին գոլը խփեց «Դինամոյի» գլխավոր թիմի կազմում։
Հատկանշական է, որ հանդիպման 67-րդ րոպեին ոչ պակաս գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ նաև «Ախմատի» կիսապաշտպան Անտոն Շվեցը՝ մեկ հպումով գնդակն ուղարկելով Անտոն Շունինի պաշտպանած դարպասը։
«Դինամոն» այս հաղթանակից հետո վաստակեց 33 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
«Ախմատն» էլ 26 միավորով 11-րդն է։
Վերջում հավելենք, որ Արսեն Զախարյանը ծնունդով Սամարայից է։ Նա «Կռիլյա Սովետովի» սան է, իսկ 2017 թվականից հանդես է գալիս «Դինամոյի» համակարգում՝ խաղալով կենտրոնական կիսապաշտպանի կամ էլ ենթահարձակվողի դիրքերում։ Հաջողությամբ կարողանում է խաղալ նաև աջ և ձախ վինգերների դիրքում։ Հարվածային ոտքն աջն է, իսկ հասակը 180 սմ է։
Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում հիմնականում հանդես է եկել «Դինամո 2»-ի կազմում և Ռուսաստանի երրորդ դիվիզիոնի շրջանակում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Նա 3 խաղում 1 գոլ և 3 գոլային փոխանցում է կատարել նաև Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում, իսկ ինչ վերաբերվում է ՌՊԼ-ին, ապա հայազգի ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ մասնակցել է արդեն 3 հանդիպման և խփեց իր առաջին գնդակը։
«Դինամո Մոսկվայի» կազմում նա իր նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերի 1-ին, երբ 13-րդ տուրի շրջանակում «Տամբովի» դեմ կայացած խաղում փոխարինման մտավ 78-րդ րոպեին։
Հատկանշական է, որ մինչ «Ախմատի» դեմ խաղը «Դինամոյի» գլխավոր թիմի կազմում անցկացրել էր ընդամենը 18 րոպե, իսկ այս անգամ հանդիպումը սկսեց մեկնարկային րոպեներից՝ դաշտում անցկացնելով 63 րոպե։
Նշենք, որ Արսենը հանդես է եկել Ռուսաստանի Մ-15, 16 ու 17 տարեկանների հավաքականներում, որոնց կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ախմատ, Անտոն Շունին, Անտոն Շվեց, Արսեն Զախարյան, Դանիլ Լեսովոյ, Դանիլ Ֆոմին, Դինամո Մոսկվա, ՌՊԼ