ՄՅՈՒ-ն դժգոհ է, թե ինչպես է Բորուսիան բանակցություններ վարել Սանչոյի տրանսֆերի հարցում
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դժգոհ է մնացել այն բանից, թե «Բորուսիա Դորտմունդի» իրենց գործընկերները Ջեյդոն Սանչոյի տարնսֆերի հարցում ինչպես են բանակցել։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, անգլիական ակումբը կարծում է, որ ոչ սովորական իրավիճակում էր հայտնվել բանակցությունների ընթացքում, քանի որ դորտմունդյան ակումբը ոչ թե ուղղակի կապի մեջ է եղել «ՄՅՈՒ»-ի ներկայացուցիչների հետ, այլ բանակցել է կողմնակի գործակալի միջոցով, ինչն էլ խոչընդոտ է հանդիսացել, իսկ բանակցությունները մտել են փակուղի։
Բացի դրանից, մանկունյական ակումբը դժգոհ է եղել նաև բանակցությունների տեմպից։
Հիշեցնենք, որ կողմերը որոշ ժամանակ բանակցեցին Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի հարցում, բայց այդպես էլ համաձայնության չհասան։ «Բորուսիան» խաղացողի տրանսֆերի դիմաց ցանկանում էր ստանալ 120 մլն եվրո, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչներն այդ գումարը պատրաստ էին վճարել միայն մաս-մաս, ինչն էլ չէր բավարարում «շվարցգելբենի» ղեկավարներին։
Երեկ՝ օգոստոսի 10-ին, դորտմունդյան ակումբի սպորտային տնօրեն Միխային Ցորկը պաշտոնապես հայտարարեց, որ 20-ամյա անգլիացի վինգերը ևս մեկ մրցաշրջան է մնալու իրենց շարքերում։ Հավելենք, որ Սանչոյի և «Բորուսիայի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը, իսկ նոր մրցաշրջանում նրա տարեկան պայմանագիրը կդառնա 6 մլն եվրո։
# Բորուսիա-Դորտմունդ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջեյդոն-Սանչո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո