Մխիթարյանը 2013 թ. մոտ է եղել անգլիական գրանդի շարքերը համալրելուն
Ռուս հայտնի լրագրող Ալեքսեյ Յարոշևսկին Eurosport.ru-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, որ 2013 թ. Հենրիխ Մխիթարյանը, երբ դեռ հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորի» կազմում, մոտ է եղել «Լիվերպուլ» տեղափոխվելուն, սակայն գործարքը չի կայացել։
– 2013 թ. դուք հայտնեցիք, որ Մխիթարյանը կտեղափոխվի Մերսիսայդ։ Պատմե՛ք, թե ինչ է եղել իրականում։
– Դա փառքի, և դրան զուգահեռ` խայտառակության գագաթնակետն էր։ Ես և Արթուր Պետրոսյանը տարբեր տեղերից ունեինք մեր տեղեկությունները. նա Հայաստանից, ես` Ուկրաինայից։
Ես հետո հասկացա, որ մեզ ինչ-որ տեղ «օգտագործել» են, որպեսզի «Բորուսիան» սկսի ակտիվանալ Մխիթարյանի տրանսֆերի հարցում։ Այդ ամենից հետո ես որոշեցի, որ այլևս երբեք տրանսֆերային ինսայդներ չեմ հաղորդելու, եթե նույնիսկ ունենամ 100%-անոց տեղեկություն որևէ գործարքի մասին։
Արթուրը գրել էր հետևյալը. «Մխիթարյանը շատ մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը»։ Իսկ ես, հիմնվելով այդ տեղեկատվության վրա, ավելի հստակ ինսայդ էի տվել. «Մխիթարյանն առաջիկա 72 ժամվա ընթացքում կդառնա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ»։
Twitter-ում արածս այդ գրառումը կայծակնային արագությամբ տարածվեց, իսկ ամենածիծաղելին տեղի ունեցավ գործարքի տապալումից հետո։
Ինձ նույնիսկ մի անծանոթ մարդ գրել էր` «եթե այդ գործարքը չկայանա, ես ծեծելու եմ կատվիս` ընթացքում տալով քո անունը»,- եզրափակել է Յարոշևսկին։
Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2013 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 27.5 մլն եվրոյի դիմաց Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց «Բորուսիա Դորտմունդ»։
2019 թ. սեպտեմբերից Մխիթարյանը հանդես է գալիս «Ռոմայի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսեյ Յարոշևսկի, Բորուսիա-Դորտմունդ, Լիվերպուլ, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Շախտյոր, Ռոմա, տրանսֆերներ