Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Սթերլինգի ծառայություններով
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Անգլիացի ֆուտբոլիստի ու «Սիթիի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ մանկունյական ակումբին նա դեռևս որևէ հստակ պատասխան չի տվել իր ապագայի վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, մի շարք եվրոպական գրանդ ակումբներ փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից, որոնք վստահ են, որ Սթերլինգը 2022 թ. ամռանը հեռանալու է «Մանչեսթեր Սիթիից»։
Աղբյուրի փոխանցմամբ` 27-ամյա եզրային հարձակվողի ծառայություններով ամենաշատը հետաքրքրված է «Չելսին»։
Ամռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնյան ակումբի հիմնական նպատակը լինելու է պաշտպանության կենտրոնն ամրապնդելը, սակայն «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծում է, որ նրան անհրաժեշտ է նաև այնպիսի ֆուտբոլիստ, ով էականորեն կուժեղացնի նաև հարձակման գիծը։
Դրան զուգահեռ, Սթերլինգին հետաքրքրում է կարիերան «Չելսիում» շարունակելու տարբերակը, քանի որ մտադիր է վերադառնալ Լոնդոն, որտեղ նա անցկացրել է իր մանկությունը։
Սթերլինգը «Չելսիի» հարձակման գծի ամրապնդման միակ տարբերակը չէ, սակայն «թոշակառուների» սկուտները հավանություն են տալիս հենց «Սիթիի» ֆուտբոլիստին, քանի որ նա Պրեմիեր լիգայում արդեն բազմիցս ապացուցել է իր բարձր խաղամակարդակը։
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը հարձակման գոտին ուժեղացնելու համար դիտարկում է նաև Ուսման Դեմբելեի («Բարսելոնա»), Քրիստոֆեր Նկունկուի («Լայպցիգ»), Ռոբերտ Լևանդովսկիի («Բավարիա») և Գաբրիել Ժեզուսի («Մանչեսթեր Սիթի») թեկնածությունները։
Նշվում է, որ Ռահիմ Սթերլինգին իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան» և «Բավարիան»։
«Բարսելոնան» դեռևս նախորդ ամառային ու ձմեռային տրանսֆերային պատուհանների ժամանակ է փորձել գնել 27-ամյա ֆուտբոլիստին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել ավարտին հասցնել գործարքը։
Ինչ վերաբերում է «Բավարիային», ապա մյունխենյան ակումբը Սթերլինգին դիտարկում է որպես այլընտրանքային տարբերակ, եթե Սադիո Մանեի տրանսֆերի հարցում չկարողանա համաձայնության հասնել «Լիվերպուլի» հետ։
«Մանչեսթեր Սիթին», իր հերթին, մտադիր է Սթերլինգին վաճառել արտասահմանյան ակումբի, որպեսզի չուժեղացնի Պրեմիեր լիգայի մրցակիցներից մեկին, իսկ նրա տրանսֆերից ցանկանում է վաստակել նվազագույնը 50-60 մլն եվրո։
Սպասվում է, որ Սթերլինգն ապագայի վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի է առնելու, թե որ ակումբի կամզում է ամենաշատը խաղային պրակտիկա ունենալու։
Բանն այն է, որ անգլիացի վինգերը 2021/22 մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 38 խաղերից միայն 22-ում է հայտնվել «քաղաքաբնակների» մեկնարկային կազմում, իսկ Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած վճռորոշ խաղերում նա հանդիպումները հիմնականում սկսել է պահեստայինների նստարանից։ Նա, որ ակումբի կազմում էլ շարունակի կարիերան, ցանկանում է լինել մեկնարկային կազմի անվիճելի ֆուտբոլիստ։
Հավելենք, որ Ռահիմ Սթերլինգը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թ. հուլիսից, որի կազմում մինչ օրս անցկացրել է 339 հանդիպում` դառնալով 131 գոլի և 95 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Ռահիմ-Սթերլինգ, Ռեալ Մադրիդ, Սադիո-Մանե, տրանսֆերներ